Հայաստանի ագային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից

17-01-2020 14:53:21   | Հայաստան  |  Մշակույթ
 «Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով դիմեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
 


Այս տարի, ՀԱՖՆ-ը 2020թ.-ը դիմավորեց Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբևէ  Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Մեր Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես եկավ տաս համերգով: Նրանց օվացիաներով դիմավորեցին Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը:
Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»: 
 
Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչեցին նաև
Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: 
 
ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքեց նաև չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանեց. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը)  այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:
 
Հյուրախաղերը լի էին նաև հուզիչ դրվագներով, որոնցից մեկը Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբն էր: ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարեցին Խաչատրյանի ‹‹Դիմակահանդեսից›› մի հատված: Ֆլեշմոբին մեծ ոգևորությամբ արձագանքեցին անցորդները, ովքեր արագ շրջապատեցին երաժիշտներին և սկսեցին տեսագրել կատարումը:
Համերգային այս խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը ժամանակ հատկացրեցին նաև երիտասարդ երաժիշտներին՝ հանդես գալով վարպետության դասերով:
 
Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացավ հունվարի 9-ին՝ Չինաստանի սրտում՝ մայրաքաղաք Պեկինի արվեստների ազգային կենտրոնում: ՀԱՖՆ-ի այս համերգին կհաջորդի 2020թ.-ին Չինաստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումների շարքը:ՀԱՖՆ-ի Չինաստանի հյուրախաղերը կայացան Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի և Չինաստանում ՀՀ դեսպանությունների և ՀՀ  արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ: 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1079 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար