Ինչ գիտեր Գեորգի Կուտոյանը. բացառիկ դեպք

18-01-2020 12:14:52   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան բոթը հանրության շրջանում առաջացրեց բուռն քննարկումներ: Դրանք հաճախ կրում են ամենածայրահեղ բնույթ, ընկնելով մի ծայրահեղությունից մյուսը: Ակնառու է, որ երիտասարդ գործչի մահը՝ սպանություն, թե ինքնասպանություն, ամենատարբեր շրջանակներ օգտագործում են առնվազն տեղեկատվական, քարոզչական գործողությունների նկատառումով: Միաժամանակ իհարկե հնչում են նաեւ ռացիոնալ հարցադրումներ, կապված թե մահվան հանգամանքների, թե Կուտոյանի նախկին գործունեության, դրանից բխող հնարավոր վարկածների հետ:
 


Այն, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը գիտեր շատ բան, թերեւս անկասկած է
: Ըստ այդմ, եթե որեւէ վարկած կառուցելիս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ինչ որ մեկին հարկավոր էր այսպես ասած «լռեցնել» նրան ինչ որ տեղեկատվության իմաստով, ապա հնարավոր է կազմել նրա մահվան հարցում շահագրգռություն ունեցող շրջանակների չափազանց լայն շրջանակ, ընդ որում նույնիսկ Հայաստանի սահմանից դուրս:
 
Թե նրանցից հատկապես ո՞ր մեկի պարագան է ճշմարտությունը, դա կարող է պարզել միայն իրավապահ համակարգը: Բայց, իրավապահ համակարգը մինչ այժմ չի կարողացել պարզել մի շարք աղմկոտ սպանություններ, ընդ որում մարդկանց, որոնք կարծես թե իշխանության ներկայացուցիչ էին: Օրինակ, ըստ էության չբացահայտված է 2001 թվականին Հարկային ծառայության նախկին ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական Գագիկ Պողոսյանի սպանությունը:
 
2006 թվականին իր ծառայական մեքենայի մեջ պայթեցվեց Հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական
վարչության պետ Շահեն Հովասափյանը, որը համարվում էր Ռոբերտ Քոչարյանին մերձ շրջանակի հավատարիմ մարդկանցից: Նախագահ Քոչարյանը իրավապահներին խիստ հանձնարարություն տվեց բացահայտել գործը, սակայն այն ըստ էության այդպես էլ չբացահայտվեց, թեեւ եղան տարաբնույթ ձերբակալություններ, հետո բացթողումներ:
 
2009 թվականին սպանվեց Գեւորգ Մհերյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հակակոռուպցիոն հարցերի խորհրդական, որը 2008 թվականի նախագահի փոփոխությունից ամիսներ անց նշանակվել էր փոխոստիկանապետ: Ոստիկանության ղեկավարությունը հանցագործության բացահայտումը հռչակեց պատվի հարց, որը սակայն առ այսօր փաստորեն բավարարված չէ: Մհերյանի հայրը հայտարարում էր, որ որդուն սպանել են, փորձելով չեզոքացնել նրա տնօրինած կարեւոր տեղեկատվության փոխանցումը Սերժ Սարգսյանին:
 
Ինչու՞ չեն բացահայտվում այդօրինակ սպանությունները, ինչու՞ իշխանությունը այդ պարագայում չի կարողացել բացահայտել իր իսկ ներկայացուցիչների, զինակիցների սպանությունը: Որովհետեւ չի եղել պրոֆեսիոնալ կարողությու՞ն, թե՞ որովհետեւ չի եղել իրական կամք ու ցանկություն, ինչն իր հերթին կարող է առաջացնել այլ հարցեր:
 
Թե՞ սպանությունները եղել են Հայաստանի իշխանությունից ավելի ուժեղ ինչ որ ձեռքի գործ: Այդ դեպքում ո՞րն է այդ ձեռքը: Ի՞նչ ձեռք է գործել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան պարագայում: Կբացահայտվի՞ Կուտոյանի մահվան առեղծվածը:
 
Ի տարբերություն նախկինում տեղի ունեցած մնացյալ բոլոր սպանությունների՝ բացահայտված ու չբացահայտված, Գեւորգի Կուտոյանի դեպքն ունի էական առանձնահատկություն, նրա պաշտոնեական նախկին կարգավիճակի բերումով:
 
Նա փաստացի զբաղեցրել է պետական անվտանգությանն ու ինքնիշխանությանն առնչվող կարեւորագույն պաշտոն: Ըստ այդմ, այն, ինչ գիտեր Գեորգի Կուտոյանը, ինչ կարող էր կամ պետք է իմանար ի պաշտոնե, պետք է լիներ թերեւս նույնպես բացառիկ: Այդ թվում գուցե բացառիկ այն իմաստով, որ կարող էր տարբեր լինել Հայաստանում տարիներ շարունակ գերիշխած հանրային պատկերացումներից ու ընկալումներից, կամ այլ կերպ ասած՝ անակնկալ լիներ առաջին հերթին հանրության համար:
 
Այդ բացառիկությունը Գեորգի Կուտոյանի դեմ արձակված կրակոցը մեծ հավանականությամբ վերածում է Հայաստանի Հանրապետության դեմ արձակված կրակոցի:
 
Այդ առումով, եթե ոչ անլուրջ, ապա գոնե փոքր ինչ անպատեհ են թվում նրա մահվան առնչությամբ միարժեք հերթապահ ստանդարտները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1194 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար