Ինչու է սրտի ստենտավորումը Հայաստանում 2 անգամ ավելի թանկ, քան Վրաստանում. պատգամավորի հարցը Թորոսյանին

22-01-2020 17:52:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  ԱԺ-ում սկսվել է կառավարության հետ հարց ու պատասխանը:
 


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց, թե ինչու են սրտի ստենտավորման գները երկու անգամ ավելի թանկ, քան հարեւան երկրում: Նա օրինակ բերեց իր ծանոթի սրտի վիրահատությունը, որի համար Հայաստանում ուզել են 1 մլն 600 հազար դրամ, իսկ Թբիլիսիում՝ 800 հազար դրամ:
 
«Շատ պարզ հաշվարկ է. սկսած բուժքույրի, բժշկի, մնացած բոլոր ներգրավվածների աշխատավարձի հաշվարկից, վերջացրած ծախսանյութերի հաշվարկով, սարքավորումների ամորտիզացիայով եւ բուժհաստատության ողջամիտ շահույթով»,- ասաց Թորոսյանը:
Նրա պնդմամբ՝ եթե հղում կատարենք պետական պատվերով մատուցվող ստենտավորման ծառայությունների գներին, նրանք նվազագույն թվի վրա են: Փոխհատուցումը ոչ դեղապատ ստենտավորման համար 700 հազար դրամ է 1 ստենտի դեպքում, 750 հազար դրամ՝ 2 ստենտի դեպքում: Նախարարի կարծիքով՝ սրանից ցածր գների դեպքում բուժհաստատությունները կկրեն ֆինանսական վնասներ:
 
«Վճարովի ծառայությունների դաշտում գործում են սովորական մրցակցային կանոնները: Բուն ստենտերի մասով՝ ՀՀ-ում մոտ 13 բուժհաստատություն է մատուցում այս ծառայությունը, եւ եթե այս 13 բուժհաստատությունները, իրար հետ մրցելով, չեն կարողանում ավելի ցածր գին ապահովել, ուրեմն դա նվազագույն հնարավոր մրցակցային գինն է»,- ասաց Թորոսյանը:
 
Նրա պնդմամբ՝ այն ինֆորմացիան, որ մեր հազարավոր քաղաքացիներ սրտի ստենտավորում են անցնում Վրաստանում, չի համապատասխանում իրականությանը: «Ընդամենը 100-200 քաղաքացի է տարեկան ստենտավորում անում Վրաստանում՝ Հայաստանում կատարվող 5000-ից ավելի ստենտավորումների
դեպքում»,- ասաց նախարարը:
 
Խոսելով գների տարբերությունների մասին՝ նախարարն ասաց, որ Հայաստանում այդ գնի մեջ ներառված է նաեւ հետստենտավորման խնամքն առնվազն 6 ամսով. Վրաստանում դա չկա:
 
«Մեր խնդիրը գներն իջեցնելը չէ, այլ ծածկույթը ավելացնելը, որ ինչքան հնարավոր է շատ քաղաքացիների մենք փոխհատուցենք»,- եզրափակեց Թորոսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 313 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար