Կառավարությունը նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը

23-01-2020 17:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Գործադիրը հաստատել է Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման
հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առաջացել է և գոյություն ունի մասնավոր սեփականության որոշակի համակարգ, որի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի նոր սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից: Մասնավորապես՝ հանրապետությունում առկա 445,6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազ․ հա կամ շուրջ 45 տոկոս, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար: Հայեցակագրով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակել չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ստեղծել հողային բանկ: Նախատեսվում է նաև հողային բանկերը և աճուրդները զարգացնելու միջոցով լքված հողերի մարկետինգը և չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարևաններին և երիտասարդ տնտեսավարողներին, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմների առաջադրում, գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստրի մշակում և գործարկում և այլ: Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ է համարվում գյուղատնտեսական հողատարածքների՝ այդ թվում չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որը պետք է ուղեկցվի հողային օրենսդրության բարելավված փաթեթով և հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջև նոր կապերի հաստատման խթանմամբ: 
 
Նիկոլ Փաշինյանը
կարևորել է որոշման ընդունումը և նշել. «Մենք այսօր հանրապետությունում ունենք բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում, գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք ուղղակի նպատակային չեն օգտագործվում: Եվ այդ հողերի մի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի նրանք վարձակալության  տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են դրանք մշակել: Հիմա մենք մտածում ենք  այդպիսի մեխանիզմ ներդնել Հայաստանի Հանրապետությունում, որ ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին: Ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում- և՛ այն դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում է, և՛ այն  դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, - պետությունը  օրենքի ուժով այդ հողը  մարդուց վերցնի վարձակալության, իրեն վճարի վարձակալության վճար, և հողը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար: Սա ամենասկզբունքային փոփոխություններից մեկն է»:
 
Վարչապետն անդրադարձել է նաև այդ համատեքստում կադաստրի, քարտեզագրման հետ առնչվող խնդիրներին: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են մեր տնտեսության զարգացմանը: Ինչի մասին է խոսքը. առաջինը նախ, որ հողերը կտրտված են ահավոր: Այսինքն՝ մենք չունենք ընդարձակ տարածքներ, երբ նեդրողը ուզում է ներդրում անել և ասում է, օրինակ՝ ես ուզում եմ 20 հա հող առնել,  20 հա հող ոչ մի տեղ չկա: Այսինքն՝ 20 հա հող կա, բայց դա հարյուրավոր սեփականատերերի միջև է բաժանված»: 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրների լուծումը շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում, և նախատեսվող քայլերը պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ՝ հանրությանը քննարկումների մանրամասները ներկայացնելով: «Եվ շատ կարևոր է, որ այս ընթացքում, հենց այս պահից սկսած հանրության հետ երկխոսությունը լինի մշտական, որպեսզի մարդիկ պրոբլեմը տեսնեն և ընկալեն այն խորությամբ, ինչ խորությամբ մենք մեր աշխատանքի ընթացքում ենք տեսնում: Տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ անչվող խնդիր է և մարդիկ պետք է իմանան, որ այստեղ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրային, տնտեսական և անհատական շահերի կոմպրոմիս գտնենք, որ մեկը մյուսի հաշվին չանենք: Բայց մենք այստեղ պետք է հասկականք, որ որոշակի  դժվար լուծումների անհրաժեշտություն այնուամենայնիվ ունենալու ենք»: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 345 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար