Արթուր Վանեցյանը հեռանում է իր դրած նշաձողից

29-01-2020 11:36:35   | Հայաստան  |  Վերլուծություն
Քաղաքական որեւէ նշանակություն եւ արժեք ունեցող բովանդակություն չկա դրա մեջ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդպես է բնորոշել այն բանավեճը, որ ծավալվել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միջեւ, որոնք միմյանց այժմ հիշատակում են որպես նախկին ընկերներ:
 


Անշուշտ, այդ բանավեճում քաղաքական արժեքի եւ նշանակության բացակայությունը փոխվարչապետի դիտարկումով չէ, որ պետք է տեսանելի դառնար: Ընդհանրապես, Հայաստանի ներքին կյանքի, ներքին օրակարգի քաղաքական իմաստով բովանդակազրկությունը տեսանելի ու շոշափելի է վաղուց: Սիմոնյան-Վանեցյան հեռակա, գրառումային բանավեճը ընդամենը այդ իրողության մի «վեկտորն» է:
 
Դա այն պարագայում, երբ Հայաստանում այդուհանդերձ եղել են բաներ, որոնցից հնարավոր էր «կառչել» ներքաղաքական արդիական, պետական օրակարգ ձեւավորելու համար: Եվ դրանց հեղինակներից մեկն էլ հենց նույն Արթուր Վանեցյանն էր՝ ԱԱԾ պետի պաշտոնում: 2019-ի փետրվարի 27-ին նա այդ պաշտոնում այցելելով
Արցախի հարավ՝ արցախ-իրանական սահման, արել էր կարեւոր
ագույն հայտարարություն՝ որեւէ տարածք հանձնելու բացառումով, նաեւ բնակեցման, ընդլայնման, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Ընդ որում, այդ կարեւոր հայտարարությունն արվել էր նշանակալի պահի, երբ Իրանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հարեւան Իրանի համար, եւ ընդհանրապես ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի համար Հայաստանի այդ ազդակը ունի հիմնարար նշանակություն եւ արժեք:
 
Հարց, որը առավել քան առանցքային է համահայկական օրակարգի եւ ապագայի տեսանկյունից, համաշխարհային կյանքում հայկական պետականության դերի եւ նշանակության, ըստ այդմ անվտանգության ու զարգացան տեսանկյունից: Մի բան, որից հանրությանը «խնամքով» հեռու է պահել նախկին իշխող համակարգը, հայկական պետականության համար անվտանգության կենսական տարածությունը վերածելով անձնական բարեկեցության տիրույթների, կամ անձնական բարեկեցության այլ տիրույթները պահպանելու գործում ուժային կենտրոնների հետ առեւտրի առարկայի:
 
Բայց, օրինակ այդ ազդակը բարձրաձայնած նախկին պաշտոնյան, պաշտոնաթողությունից հետո օրինակ իր բարձրաձայնումների գերակշռող մասի առումով հեռանում է իր իսկ սահմանած օրակարգային կարեւոր այդ նշաձողից: Արթուր Վանեցյանը ներքին կյանքի առնչությամբ իր ամեն մի սոցցանցային գրառումով կամ հայտարարությամբ հեռանում է իր սահմանած կարեւոր նշաձողից, քայլ առ քայլ: Այն դեպքում, երբ հատկապես նրա հասարակական-քաղաքական հավակնությունը պետք է ենթադրեր հակառակը՝ օգտագործել այդ արժեքավոր, նշանակալի հանգամանքը ներքին օրակարգի եւ բանավեճի նոր մակարդակ գծելու համար:
 
 
Հակոբ Բադալյան
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1074 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար