ՄԻՊ-ն ամփոփել է «Աբովյան» ՔԿՀ մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը

17-02-2020 12:10:08   | Հայաստան  |  Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն: 
 


Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
 
բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը,
 
առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը,
 
բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, որը խոչ
ընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար,
 
բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները,
առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ,
 
հայտնաբերվել են ժամկետանց դեղեր,
 
առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ,
 
ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները,
քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական,
 
առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ,
 
միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
 
առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն,
 
քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.
 
կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ,
 
նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն,
ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն լեզու,
ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից,
քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր,
կանանց տեղամասի ընդհանուր կացարանն օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը,
 
2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ
արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:
 
Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:
 
Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար