Սփյուռքի օգնությունն անհրաժեշտ է՝ ուժեղ և կենտրոնաձիգ հայկական պետականություն ունենալու գործում. Զարեհ Սինանյան

17-02-2020 16:15:11   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: ՀԺ-ի մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում Զ. Սինանյանը պատմել է այցի մանրամասներից՝ հայտնելով, որ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ, այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի և քննարկում անցկացրել եկեղեցուն կից կրթական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀՅԴ հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Սինանյանն այցելել է նաև «Սկոլկովո» նորարարական կենտրոն և ծանոթացել հայազգի ստարթափերների հետ:
 


- Պարո՛ն Սինանյան, պաշտոնավարումից ի վեր Ձեր երրորդ այցն է Ռուսաստան: Ինչպե՞ս կգնահատեք ռուսահայ համայնքի հետ տարվող աշխատանքը:
 
- Տեղեկացնեմ, որ մեկ ամսից պատրաստվում եմ այցելել Ռոստով, Կրասնոդա
ր և Ստավրոպոլ, իսկ Մոսկվայում չէի եղել արդեն վեց ամսից ավելի: Մոսկվայի հայ համայնքն այնքան բազմաքանակ է ու բազմաշերտ, այնքան կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որ վեց ամիս ընդմիջումը ճիշտ չեմ համարում: Այս այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումների մասով կարող եմ ասել, որ շատ ջերմ ու արդյունավետ քննարկում տեղի ունեցավ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Խոսեցինք սփյուռք-պետություն փոխհարաբերությունների մասին: Ռուսաստանը ցանկանում է ակտիվացնել իր գործունեությունն այն ռուսաստանցիների մասով, որոնք սփռված են ու բնակվում են Դաշնության սահմաններից դուրս, և ինչպես մենք, Ռուսաստանը ևս մտադրված է կապը սփյուռքի հետ դարձնել առավել համակարգված և ամուր, զբաղվել՝ հայրենադարձության խնդրով: Այս առումով մենք կարող ենք իրականացնել համատեղ աշխատանք և փորձի փոխանակում: Ինչ վերաբերում է ռուսահայ համայնքի խնդիրներին, ես փոխնախարարի մոտ բարձրաձայնեցի Ռուսաստանում հայերեն լեզվի ուսուցանմանը և տեղում հայկական դպրոցներ ունենալուն վերաբերող հարցը, որը մեր պետությունների քննարկումների օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում:
 
-Պարո՛ն Սինանյան, կարծում եմ՝ սփյուռքի հետ ինֆորմացիոն հաղորդակցության տեսանկյունից ևս որոշակի խնդիրներ կան: Հայկական լսարանն այնքան էլ լավ չի տեղեկացված սփյուռքի կյանքի ու կենսագործունեության մասին:
 
-Իհարկե, եթե կա նման խնդիր, ուրեմն պետք է լուծումներ փնտրենք: Նախկինում ՀՀ սփյուռքի նախարարությունը մի քանի հարթակ է ունեցել՝ սփյուռքի վերաբերյալ իրադարձությունները լուսաբանելու նպատակով: Դրանցից մեկը՝ «Հայերն այսօր» թերթը, որն ուներ նաև օնլայն տարբերակ, փոխանցվեց ՀՀ կառավարությանը կից համապատասխան ՊՈԱԿ-ին, և այս պահին չեմ կարող հստակ ասել, թե ինչ ընթացքի մեջ են աշխատանքները, սակայն սփյուռքում մեզ անընդհատ հարցնում են այդ հարթակի մասին, քանի որ այն ուներ ձևավորված լսարան: Խնդիրը նրանում էր, որ երիտասարդները չէի օգտվում դրանից, սակայն կարծում եմ՝ դա ավելի շատ բովանդակության և կոնտենտի մատուցման ձևի հետ էր կապված: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ մի այդպիսի հարթակ, որի միջոցով կլուսաբանվի սփյուռքում տեղի ունեցող անցուդարձը: Դուք խոսակցության սկզբում հետաքրքրվեցիք նաև, թե ինչո՞ւ կոնկրետ այս իմ այցը լուսաբանելու համար չեն հրավիրվել տեղի հայ թղթակիցները, և այն բավարար չի լուսաբանվում: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչու է այդպես, քանի որ մեր գերատեսչությունը մամուլի հետ աշխատում է շատ բաց կերպով: Ես անձամբ կարծում եմ, որ լրագրողները մեր դաշնակիցներն ու գործընկերներն են: Մեր աշխատանքի լուսաբանումը, և սփյուռքում տեղի ունեցող իրականության ճիշտ մատուցումը, մեր կարևորագույն նպատակներից մեկն է, քանի որ եթե մենք ֆիզիկապես բաժանված ենք միմյանցից, ապա մեր տեղեկատվական կապը պետք է լինի ուժեղ հիմքերի վրա: Մեր, ինչպես նաև այլ հայաստանյան պատվիրակությունների այցելությունները, կազմակերպվում է ՀՀ դեսպանատների միջոցով: Անցյալ այցերի ժամանակ ես հանդիպել եմ գուցե ոչ բոլոր, սակայն տեղի մամուլի ներկայացուցիչների մի մասի հետ, և անձամբ ինձ համար այդ հարցում ընտրյալներ չկան: Գուցե պետք է ավելի ուշադիր լինեն խնդրի նկատմամբ, և, ասենք, ամեն այցի ընթացքում մամուլի ասուլիսի ֆորմատով հանդիպումներ ունենալ հետաքրքրված բոլոր լրագրողների և մամուլի ներկայացուցիչների հետ:
 
- Կա նաև խնդիր Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին մատչելի և օբյեկտիվ կերպով ռուսական լսարանին տեղեկատվություն մատուցելու վերաբերյալ: Թավշյա հեղափոխության օրերին ռուսաստանյան լրատվական դաշտում ստեղծված պատկերն ինչ-որ առումով պատճառ էր նաև նրա, որ չկար հակակշիռ ինֆորմացիոն հոսք այն մասին, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում:
 
- Ցանկալի կլինի, իհարկե, եթե Հայաստանում կատարվող իրադարձություններն օբյեկտիվ կերպով լուսաբանվեն ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Ես, օրինակ, ոչ Ռուսաստանում, հարևան մեկ այլ երկրում տեսա մի շատ հաջողակ տեղական  հեռուստաալիք, որի հիմնադիրներն ազգությամբ հայեր են, և դրա շնորհիվ շատ ակտիվ, օբյեկտիվ ու խորը լուսաբանվում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինքս մի քանի անգամ հյուր եմ եղել այդ հեռուստաալիքում: Եթե մենք կարողանանք այդ ֆորմատով ռուսաստանյան ԶԼՄ ունենալ նաև Ռուսաստանում, կարծում եմ՝ ձեր կողմից հիշատակած խնդրի լուծման հարցում մեկ քայլ առաջ արած կլինենք: Ես շատ կարևոր եմ համարում, որ մեր դաշնակից պետությունում՝ Ռուսաստանում, հնարավորինս դրական, ոչ կեղծ և անկողմնակալ ներկայացվի մեր երկրի իրականությունը:
 
- Մենք շատ ենք խոսում հայկական սփյուռքի ունեցած ներուժի մասին: Ըստ Ձեզ՝ բացի ֆինանսականից՝ ո՞րն է կոնկրետ ռուսահայ համայնքի կարևորագույն ներուժը, որը պետք է ուղղորդել՝ ի բարօրություն Հայաստանի:
 
-Այդ ներուժը, իրոք, շատ մեծ է ու կարևոր մեզ համար, և այն անցյալում օգտագործվել է բավականին թերի մոտեցմամբ, ունեցել՝ միատարր բովանդակություն: Մենք այստեղ ունենք ինտելեկտուալ, մասնագիտական և մշակութային հսկայական պոտենցիալ: Հայրենադարձության մեր ծրագրում Ռուսաստանի մեր հայրենակիցները հանդիսանում են ամենատրամաբանական ակունքը, քանի որ այստեղի համայնքը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ գաղափարապես ավելի մոտ է կանգնած հայաստանյան իրականությանը: Մենք պետք է վերացնենք այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են՝ նշածս ներուժն ի նպաստ Հայաստանի պետության կայացմանն օգտագործելուն: Այդ խոչընդոտները վերացնելու ճանապարհին մենք պետք է իրականացնենք մի շարք ռեֆորմներ, այդ թվում՝ օրենսդրական: Հայաստանում էլ պետք է մոռացվի սփյուռքից զուտ գումար պահանջելու ու ստանալու վատ սովորույթը: Մենք պետք է սփյուռքից շահութաբեր
ներդրումներ սպասենք, այլ ոչ թե պարզապես ֆինանսական օգնություն: Հայաստանում հնարավոր է գումար վաստակել, և վարչապետը միշտ ընդգծում է այդ մասին: Սփյուռքի լավագույն մասնագետները պետք է վստահ լինեն, որ իրենց մասնագիտական ունակությունները պահանջված են Հայաստանում: Դա մեր ամենաակտուալ թեմաներից է այսօր: Մենք երկրում ունենք լուրջ մասնագիտական բաց բոլոր ոլորտներում, որը կարող է լրացվել սփյուռքի մասնագետների շնորհիվ:
 
- Կա նաև հակադարձ հարցը սփյուռքի կողմից՝ իսկ Հայաստանն ինչո՞վ կարող է օգնել սփյուռքին:
 
- Սփյուռքը բաղկացած է հայ մարդկանցից, որոնք իրենց հայությունն ասոցացնում են պատմական հայրենիքի և Հայաստան պետության հետ: Մեր նպատակն է ստեղծել պետականակենտրոն հայություն, որը համախմբված է Հայկական պետության կայացման և հզորացման գաղափարի շուրջ, քանի որ պետության հզորացմանը զուգահեռ՝ հզորանում է նաև սփյուռքը: Առանց ուժեղ Հայաստանի, այդ գաղափարի գրավչության և Հայկական պետության կենտրոնաձիգ ազդեցության՝ սփյուռքի կյանքը կարող է վտանգի տակ հայտնվել: Այնպես որ, ստեղծել ամուր և ուժեղ Հայաստան՝ նշանակում է ամրացնել սփյուռքը: Ահա թե ինչ է տալիս Հայաստանը սփյուռքին, բայց որպեսզի մենք կարողանանք ունենալ այդ ուժեղ և կենտրոնաձիգ հայկական պետականությունը, մեզ անհրաժեշտ է սփյուռքի օգնությունն ու գործուն մասնակցությունը:
 
Նաիրա Բաղդասարյան
 
Մոսկվա
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 286 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար