Հաջորդը Բաթումին է, Վրաստանը թող պատրաստվի հարվածի

19-02-2020 18:44:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Թուրքիայի նպատակը Իդլիբը չէ, այլ Օսմանյան Կայսրության վերականգնումը, Հալեպը, եւ ոչ միայն, նաեւ Բաթումին: Օրերս այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի սպաների միության ղեկավար գեներալ-մայոր Լիպովոյը: Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի առումով չեն կարողանում պայմանավորվել, Անկարայից հետո տապալվել է նաեւ Մոսկվայում ընթացող բանակցությունը:
 


Էրդողանը մինչեւ փետրվարի վերջ ժամանակ է տվել Կրեմլին՝ Ասադին հետ քաշելու համար: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ռազմական գործողությունը կլինի վատթարագույն սցենարը, որին կգնա Անկարան:
 
Կբախվե՞ն ավելի թեժ, թե՞ կպայմանավորվեն Ռուսաստանն ու Թուրքիան: Դա հարց է, որի պատասխանի առնչությամբ բազմաթիվ դիտարկումներ են արվում փորձագիտական շրջանակներում: Ակնառու է թերեւս երկու հանգամանք: Սիրիայի, Իդլիբի հարցում խորքային պայմանավորվածությանը սկսել է ավելի ազդեցիկ խանգարել Իրանը՝ մրցակցություն թելադրելով Մոսկվային, եւ իր հաշվին պայմանավորվածության անհնարինության բավական կարեւոր ազդակներ է հղում Հայաստանը՝ ռուս-թուրքական պայմանավորվածության «ավանդական» օբյեկտը, որը ներկայում դրսեւորում է սուբյեկտության ընդգծված հատկանիշներ:
 
Ինչի՞ հաշվին կարող է տեղի ունենալ ռուս-թուրքական նոր պայմանավորվածությունը, եւ ու՞մ պայմաններով: Կլինի՞ ընդհանրապես այդպիսի պայմանավորվածություն, թե այդուհանդերձ իրավիճակը կգնա կոշտ դիմակայության:
 
Համենայն դեպս, Ռուսաստանի սպաների միության ղեկավարը մատնացույց է արել մի թիրախ՝ Բաթումի: Երբ Իրանը փակում է Սիրիան, իսկ թավշյա հեղափոխությունը՝ Հայաստանը, բաց կամ թույլ օղակ մնում է Վրաստանը: Ընդ որում, դա ակնառու է արդեն տեւական ժամանակ: 2018-ից ի վեր Վրաստանը պարբերական ներքին ցնցումների մեջ է՝ Ադրբեջանի հետ սահմանային լարվածության ուղեկցությամբ: Թե Վրաստանի ներքին կյանքում որքան ազդեցիկ է թուրք-ադրբեջանական լոբբին, նորություն չէ:
 
Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին վերջին օրերին հայտարարել էր, թե հզոր Վրաստան հնարավոր է միայն հզոր Ադրբեջանով: Սահակաշվիլին եւ Բաթումին հետաքրքիր հանգամանք են: Վրաստանի նախագահը Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանին վերադարձրեց Ասլան Աբաշիձեի գլխավորությամբ փաստացի ռուսական անկլավի վերածվող Աջարիան: Միեւնույն ժամանակ, սակայն, Սահակաշվիլին լայնորեն բացեց դեպի Աջարիա թուրք-ադրբեջանական էքսպանսիայի դուռը: Այդպիսով, Վրաստանի համար Բաթումիի հարցը մնաց, պարզապես փոխվեց համատեքստն ու այսպես ասած հասցեատերը:
 
Արեւմուտքը գործնականում չխոչընդոտեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օտարմանը, ինչն ի դեպ հատկանշական է նաեւ ավելի ուշ Սահակաշվիլու «օտարման» գործընթացի ֆոնին: Ի՞նչ նշանակություն ունի Արեւմուտքի համար Բաթումին, որն անկասկած թե թուրքական, թե ռուսական թիրախ է: Այդ առումով անշուշտ արեւմտյան հայացքի հետաքրքիր արտահայտություն կարող է լինել Սեւրի պայմանագրով նախատեսված վիլսոնյան արբիտրաժը: Պայմանագրի 100-ամյակն ի դեպ լրանում է ընթացիկ տարում: Դրանով Հայաստանի համար նախատեսված էր ելք
դեպի Սեւ ծով՝ Բաթումիով:
 
Դրան անդրադարձը կարող է Վրաստանի համար էլ լինել ելք՝ թուրք-ռուսական հավակնությունների մրցավազքի աքցանից: ԱՄՆ այդ իմաստով ելքը ցույց է տվել մեկ դար առաջ: Մեկ դար անց այն իր քաղաքական արժեքով թերեւս միայն ավելի արդիականացել է, ոչ թե հնացել:
 
Հատկապես ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրի մոտալուտ 100-րդ տարելիցի ֆոնին: Ի վերջո, այդ պայմանագրով է Բաթումին տրվել Վրաստանին, հայկական Սուրմալուի գավառն ու Արարատը Թուրքիային թողնելու դիմաց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

դիմակայության:   Համենայն
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար