Ինչ իրավիճակ է հայ-իրանական հարաբերություններում

20-02-2020 11:25:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի  զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը:
 


Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Հայաստան, նշելով.«Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»։ Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում ի՞նչ հարցեր են բաց մնում։
 
Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում քաղաքական խնդիրներ չկան, ուստի երկու երկրների հարաբերությունների օրակարգում ներկայումս առաջանահերթություններ են մի շարք տնտեսական և էներգետիկ հարցեր, ու դրա հետ կապված նաև շատ կարևոր է ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը երկու երկրների էներգետիկ և տնտեսական կապերի վրա։
 
Ռոհանին կընդունի՞ հրավերը։
 
Չեմ կարծում, որ Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան, քանի որ մի քանի ամիս առաջ է եղել մեր երկրում: Դա իհարկե պաշտոնական այց չէր, այլ ԵԱՏՄ շրջանակներում կատարված այցը, բայց ամեն դեպքում Իրանի նախագահը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերը: Պետք է նշել, որ Իրանը ներկայում բավական լուրջ խնդիրներ ունի և կարծես թե Հայաստանի հետ հարաբերությունները Իրանի համար այս փուլում
առաջնային չեն։ Այս պահին Իրանի համար ամենակարևորը ԱՄՆ պատժամիջոցներն են, ԵՄ-ի հետ հարաբերությունները, քանի որ հնարավոր է՝ ընդհանրապես Իրանի միջուկային համաձայնագիրը չեղարկվի։ Իրանը ԵՄ-ից ակնկալում է տնտեսական օգուտներ՝ միջուկային համաձայնագրից դուրս չգալու դիմաց։ Բացի դրանից, շատ բարդ է Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը։ Իրանն ամեն կերպ փորձում է հասնել նրան, որ Բաշար Ասադը վերջնականապես իր տիրապետությունը հաստատի ամբողջ Սիրիայի տարածքի վրա, Իդլիբի նահանգում վերջին օրերին պարերաբար բախումներ են տեղի ունենում սիրիական կառավարական ուժերի և թուրքամետ ահաբեկիչների միջև։ Բավականին լարված իրավիճակ է Իրաքում՝ կապված նրա հետ, որ Իրանի պահանջով Իրաքը փորձում է հասնել նրան, որ ամերիկյան 5200 հոգանոց զորախումբը դուրս բերվի երկրից։ Մի խոսքով՝ այս հարցերն են այս պահին Իրանի համար առաջնահերթություններ, և Հայաստանը կարծես թե դրա մեջ չի մտնում։
 
Հայաստանի՝ հայ-իրանական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը որքանո՞վ են բավարար։ Ի՞նչ է փոխվում երկու երկրների առաջնորդների պարբերաբար այցերով։
 
Իհարկե, Հայաստանը որոշ կարևոր քայլեր ձեռնարկել է այդ հարաբերությունների զարգացման համար: Օրինակ՝ հենց մեր երկրի գործուն ջանքերի շնորհիվ ստորագրվեց Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Սակայն, դրա հետ մեկտեղ, երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներում մեծ փոփոխություն չկա։ Բացի դրանից, դեռևս անցած տարվա վերջին նախատեսված էր Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումը, բայց դա էլ է ձգձգվում, և կարծես թե մեղավորը իրանական կողմն է։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց պետք է ասել, որ Իրանը  բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերություններում անկում ունի՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ: Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ այն երկրները, որոնք Իրանի հետ առևտուր կանեն, չեն կարող ԱՄՆ-ի հետ տնտեսական խորը հարաբերություններ ունենալ։ Դրա հետ կապված շատ երկրներ ուղղակի խուսափում են կամ չեն կարողանում զարգացնել
Իրանի հետ հարաբերությունները։ Մի քանի ամիս առաջ Իրանի և ԵՄ-ի մեջ ստորագրվել է մի համաձայնագիր, որը կոչվում է Instex: Դա մի ֆինանսաառևտրային մեխանիզմ է, որը հնարավորություն կտա շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և ֆինանսական գործարքներ կատարել ԵՄ-ի և Իրանի միջև։ ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ այդ մեխանիզմը բաց կլինի երրորդ երկրների համար։ Այդ մեխանիզմին միանալու ցանկություն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը և ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք այլ երկրներ, և Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում այդ մեխանիզմին միանալու համար՝ չնայած այն դեռևս չի գործում և այստեղ էլ ամերիկյան պատժամիջոցները իրենց ազդեցությունը թողնում են։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 483 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար