Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

20-02-2020 18:26:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության
պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի Կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։
 
Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից:
 
Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած և ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր
դիմում ներկայացնելու: 
 
Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:
 
Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի համաձայն` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
 
Ծննդօգնության պետական հավաստագրերը տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած և 2020 թ. հունվարի 1-ից քաղաքացիներին ծննդօգնության պետական հավաստագրեր չեն տրամադրվում: Ընդ որում, ծննդօգնության ծառայությունը պետության կողմից գերազանցապես մատուցում է անվճար (փոխանակման քարտերի հիման վրա): Արդյունքում, անձինք չեն կարողանում իրականացնել մայրության նպաստի իրենց իրավունքը։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված և հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար