Աննախադեպ վիճակ եւ ընտրություն Իրանում. Հասան Ռոհանին կգա՞ Հայաստան

21-02-2020 15:53:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Փետրվարի 21-ին Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրությունը, որը նոր իրավիճակում կարող է կանխորոշել հետագա իրադարձությունների զարգացման զգալի չափաբաժին: Նոր իրավիճակ ասվածը առնչվում է 2020 թվականի մեկնարկին, երբ Բաղդադում ԱՄՆ քաղաքական որոշմամբ խոցվեց իրանցի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչ, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որն իրանական իշխանության պահպանողական թեւի հավանական թեկնածուն էր նախագահի ընտրությանը:
 


Այդ իմաստով, Իրանի խորհրդարանի ընտրությունը մի բան էր լինելու Ղասեմ Սոլեյմանիի կենդանության պայմաններում, եւ
բոլորովին այլ է այն պարագայում, երբ նա այլեւս ողջ չէ:
 
Խորհրդարանի ընտրության պայքարը լինելու է հենց այսպես ասած ռեֆորմիստական թեւի եւ պահպանողականների միջեւ: Ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ է համարվում Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որ հատում է նախագահական երկրորդ ժամկետի հասարակածը եւ չունի երրորդ անգամ առաջադրվելու իրավունք: Խորհրդարանի ընտրությունը կարող է մեծապես պայմանավորել, թե 2021 թվականին սպասվող նախագահի ընտրությանն արդյոք ռեֆորմիստները կկարողանան ունենալ ազդեցիկ թեկնածու եւ հաջողության մեծ շանս:
 
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը որոշակի հակասական իրավիճակ է ստեղծել պահպանողականների համար: Մի կողմից նրանք կորցրել են չափազանց կարեւոր ֆիգուրի, մյուս կողմից, այդ կորուստը տվել է գնահատականի հիմք՝ որ պահպանողականներն ավելի կհամախմբվեն, եւ միեւնույն ժամանակ ամերիկյան հարվածը պահպանողականների շուրջ կհամախմբի իրանյան հանրությանը:
 
Իրանյան հանրության պատկերը տալն իհարկե բավական բարդ է, հաշվի առնելով փակ ռեժիմի հանգամանքը: Ըստ այդմ առնվազն միարժեք չէ խորհրդարանի ընտրությանը պահպանողականների հաղթելու հավանականությունը: Ներկայում խորհրդարանի մեծամասնությունը ռեֆորմատորներն են:
 
Միաժամանակ, Իրանը բավականին բազմիմաստ դրության մեջ է միջազգային, մասնավորապես ռեգիոնալ քաղաքականության իմաստով: Սոլեյմանիի սպանությունն ինքնին հեղափոխություն էր միջազգային հարաբերություններում եւ ստեղծել է բացարձակապես նոր իրավիճակ, այդ թվում Աստանայի եռակողմ ձեւաչափում: Սիրիայի հարցի առիթով ձեւավորված այս եռակողմ տիրույթում ներկայումս մեղմ ասած անհանգիստ է: Իդլիբի շուրջ առկա է ռուս-թուրքական բախում, որտեղ լուրջ ներկայություն ու դեր ունի նաեւ Իրանը:
 
Թուրքական դիվանագիտական աղբյուրը ռուսական ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ նախապատրաստում են Աստանայի ձեւաչափի հավաք՝ Իդլիբի շուրջ ստեղծված բարդ իրադրությունը քննարկելու համար: Անկարան հայտնել է, որ հավաքի ժամկետ որոշակիացնելու պարագայում դրա մասին կհայտարարվի: Առայժմ Թուրքիան ու Ռուսաստանը բախման ռեժիմում են, իսկ Իրանը՝ ներքին վերադասավորման, միաժամանակ նրբորեն խաղալով Սիրիայում:
 
Այդ ֆոնին էլ Իրանում տարածվեց կորոնավիրուսի մասին տեղեկությունը՝ երկու մահ, երեք նոր վարակված: Ընդ որում, մահացածների առումով նշվում էր, որ նրանք չեն շփվել Չինաստանի քաղաքացիների կամ այդ երկիր այցելած անձանց հետո: Այդ դեպքում ինչպե՞ս են վարակվել: Թեեւ պաշտոնական Թեհրանը կոչ է արել խուճապի չմատնվել, այդուհանդերձ կան տեղեկություններ, որ իրանական
հանրության մեջ առաջացել է որոշակի տագնապ:
 
Հետաքրքիր է այդ ամենի եւ խորհրդարանի ընտրության զուգորդվածությունը: Ի՞նչ դեր կունենա կորոնավիրուսը Իրանի նոր խորհրդարանի ուժերի հարաբերակցությունը ձեւավորելու հարցում:
 
Ի լրումն այդ ամենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Իրանի նախագահ Ռոհանիին շնորհավորելով Իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով, նրան հարմար ժամանակ հրավիրել էր այցելել Հայաստան՝ երկկողմ եւ լայն նշանակության հարցեր քննարկելու համար: Խորհրդարանի ընտրությունից հետո Իրանի նախագահը կունենա՞ Հայաստանի հրավերը դիտարկելու անհրաժեշտություն եւ տրամադրություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1031 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար