Քաղաքացին ահազանգում է ոստիկանությունում իրեն խոշտանգելու մասին. մանրամասներ

22-02-2020 15:12:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ոտայքի մարզի բնակիչ Սասուն Եղիազարյանն ահազանգում է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքում փետրվարի 21-ին ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրվել: Քաղաքացին կատարվածի վերաբերյալ արդեն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, պատրատսվում է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին և ասում է, որ իր խախտված իրավունքը վերականգնելու համար մինչև վերջ գնալու է: Սասուն Եղիազարյանը 2014-2015 թվականներին ոստիկանության  զորքերում աշխատել է որպես պայմանագրային զինծառայող:
 


 
Դեռևս ամիսներ առաջ՝ 2019-ի օգոստոսին, ըստ Սասուն Եղիազարյանի, մի գործով որպես տուժող ինքն առնչություն ունեցել էր Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի ոստիկանների հետ: Եվ կասկածներ ունի, որ ոստիկաններն իրեն հիշել են այդ դեպքից, քանի որ բերման ենթարկելիս ոչ մի տվյալ չեն ճշտել իրենից, բայց շատ լավ ճանաչել են իրեն, դիմել են անուն-ազգանունով:
 
Lragir.am-ի հետ զրույցում Սասուն Եղիազարյանը պատմեց իր հետ կատարվածը: Նա տաքսի է վարում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի մոտ փետրվարի 21-ին ուղևորը խնդրել է մի քանի րոպե սպասել իրեն:
 
«Ես կանգնեցի այնպիսի տեսադաշտով, որպեսզի կարողանամ տեսնել ուղևորի դուրս գալը: Եվ ստիպված չթույլտարված վայրում եմ կանգնել, բայց չեմ խոչընդոտել մեքենաներիի ելումուտին: Ինձ մոտեցավ ավագ ենթասպա, բառացի ասաց՝ արա ավտոդ հանի, ստեղ չի կարելի կանգնել: Ես ասացի՝ խնդրում եմ՝ ընդամենը մեկ րոպե, պատվիրատուս հիմա դուրս է գալու: Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի լեյտենատ, շատ հանգիստ ասաց՝ ապեր, մեքենան հանի էլի: Ես նրան էլ խնդրեցի մեկ րոպե ժամանակ տալ, լեյտնենատը հանգիստ վերաբերվեց, ուզում էր գնալ, բայց ենթասպան իրավիճակը սրեց, ինձ ասաց՝ այ տղա, քեզ վեց անգամ ասացինք, տենց էլ չհասկացար, հեսա ԳԱԻ եմ կանչում: Ասացի՝ կանչեք, ինքը վազելով մտավ ոստիկանության բաժանմունք»,- պատմեց նա: Քիչ անց, ըստ Սասուն Եղիազարյանի, մեքենային են մոտեցել մի քանի ոստիկաններ:
 
«Զգացի, որ մեքենայի երկու կողմից դռները բացվեցին, ոստիկաններն ինձ սկսեցին հարվածել, սեռական բնույթի ահավոր հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներով ինձ դուրս հանեցին մեքենայից: Մեկը մեքենայի բանալիները վերցրեց, շպրտեց, մյուսը՝ հեռախոսներս, ինձ քաշելով հանեցին ու գցեցին ասֆալտին՝ այդ ընթացքում հարվածներ հասցնելով: Ձեռնաշղթաներ բերեցին, գցեցին իմ ձեռքերին, հրելով ու ընթացքում հարվածելով ու հայհոյելով տարան ոստիկանության բաժանմունք»,-  պատմեց Սասուն Եղիազարյանը:
 
Այդ ամբողջ ընթացքում, ըստ նրա, ոստիկաններից որևէ մեկը չի ներկայացել, թեպետ ինքը պահանջել է ներկայանալ, միայն մայորի կոչումով
մեկ ոստիկան է ներկայացել, ում անունը Վոլոդյա էր: Ըստ քաղաքացու՝ իրեն ոչ ոք չի ասել, թե ինչի համար են բերման ենթարկում:
 
«Ինձ տարան մի անձի մոտ, իմ տեղեկություններով, նա բաժանմունքի պետի տեղակալն է, ինձ չներկայացավ: Ինքը քաղաքացիական հագուստով էր, նայեց իմ դեմքին, հարցրեց՝ հիշեցի՞ր ինձ և հայհոյանք հնչեցրեց: Ես օգոստոս ամսվա դեպքից իրեն լավ հիշում էի, ասացի՝ այո, հիշեցի: Ասեց՝ դե լավ հիշի: Հարցրեցի՝ ինչի՞ համար եք ինձ բերման ենթարկել, պատասխանեց՝ զենք-զինամթերքի կասկածանքով, որ քո ավտոյի բագաժնիկում ա: Կողքից մի կապիտան ասաց՝ մեկ էլ էն հինգ կիլո պլանի համար, որ քո ավտոյի բագաժնիկում ա, էդ գործով փակելու ենք քեզ: Ասացի՝ խնդիր չկա, խուզարկեք, ստուգեք, բայց իմ օրինական իրավունքները մի ոտնահարեք: Ես ինձ վատ էի զգում, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, բուժօգնության կարիք ունեի: Ասացի՝ շտապ-օգնություն կանչեք, ես նաև փաստաբանի դիմելու ու զանգի իրավունք ունեմ:
 
Ի պատասխան ինձ մոտեցավ այդ քաղաքացիական հագուստով ոստիկանը, ով հավանաբար պետի տեղակալն է, ինձ ապտակեց, նորից սկսեց սեռական բնույթի հայհոյանք հասցնել: Նաև սպառնաց, որ ինձ մի քանի տարով կփակի: Ամբողջ ընթացքում ես ջուր էի խնդրում, չէին տալիս, տուալետ էի ուզում գնալ, ձեռնաշղթաներս չէին հանում, ասում էին՝ կասկածներ ունեն՝ ես թմրանյութի ազդեցության տակ եմ: Մոտ 10 րոպե այդ սենյակում ինձ խոշտանգել են, անընդհատ հագուստս քաշքշում էին, հայհոյում, գոռում, հարվածում: Ես ի պատասխան ասում էի՝ մի ոտնահարեք իմ իրավունքները, ձեր արածի համար պետք է պատասխան տաք: Այնուհետև ներս մտավ մայորը՝ Վոլոդյան, բոլորի վրա գոռաց, ասաց՝ այս մարդուն չկպնեք, բոլորդ դուրս եկեք սենյակից: Նրանք դուրս եկան, մնացին ինքն ու այդ քաղաքացիական հագուստով ոստիկանը: Ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով ոստիկանը, խոսակցությունը տարավ այն ուղղությամբ, որ եթե ես չբողոքեմ, ինձ կթողնեն, ես կգնամ: Հետո սկսեցին համոզել, որ չբողոքեմ, ասում էին՝ դու ոստիկան լինելով՝ ո՞նց կարող ես ոստիկանի դեմ բողոքել»,- մանրամասնեց Սասուն Եղիազարյանը:
 
Ոստիկանական բաժանմունք քաղաքացուն բերման են ենթարկել ժամը 15:45 րոպեին, միայն 17:00-ին ժամանել է շտապ օգնությունը, նրան բուժզննման են ենթարկել, սրտի հետ կապված խնդիր արձանագրել: Միայն բժիշկների ներկայությամբ են ոստիկանները քաղաքացուն տրամադրում հեռախոսն ու մեքենայի բանալիները: «Ես հեռախոսը վերցրեցի ու զանգ կատարեցի, առաջին զանգով 1-02 զանգեցի, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի: Այնուհետև ոստիկանները բժիշկների ներկայությամբ ինձ անձնական խուզարկության ենթարկեցին, արձանագրվեց, որ ոչինչ չկա: Հրավիրեցին պետավտոտեսուչներին, ինձ տուգանեցին 5000 դրամ չթույլատրված վայրում կայանելու համար: Երեք ժամը լրացավ, ասացին՝ ազատ ես: Դուրս գալուց առաջ հարցրեցի՝ գոնե հիմա ինձ ասեք՝ բերման ենթարկելու պատճառները: Ասացին՝ ձեզ բերման ենք ենթարկել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկելու համար, ուժ ենք գործադրել, քանի որ հրաժարվել եք ձեր կամքով մուտք գործել ոստիկանության շենք»,- ասաց Սասուն Եղիազարյանը:
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նա դիմում է գրել, սակայն ասում է, որ նույն օրն իրեն դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկել՝ մարմնի վրա առկա բռնության հետքերը ֆիքսելու համար:
 
Գործին ոստիկանությունում արդեն ընթացք են տվել:
 
«Ինձ այսօր զանգեց Քանաքեռ-Զեյթունի բաժանմունիքց մի ոստիկան, ասաց, որ ինքն է զբաղվելու այդ գործով:
Ես իրեն ասացի, որ ոստիկանության դիմաց գտնվող շինության վրա կա տեսախցիկ, որը աշխատող տեսախցիկ է: Իրեն ասացի՝ եթե այդ տեսախցիկների պարունակությունն անհետանա, նշանակում է իրենք գործը կոծկելու են: Ինքն ինձ հրավիրեց Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք, որ արձանագրություն կազմի, ինձ ուղարկի դատաբժշկական փորձաքննության, ես հրաժարվեցի՝ պնդելով, որ վախենում եմ առանց փաստաբանի գնալ այդ բաժանմունք, որտեղ ինձ բռնության են ենթարկել: Ես գումար չունեմ, փորձում եմ հանրային պաշտպան ներգրավել»,- նշեց նա:
 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Արայիկ Տոնոյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Սասուն Եղիազարյանի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: «Ես այսօր խոսել եմ իր հետ, իրեն հրավիրել եմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք, որպեսզի վերոգրյալի կապակցությամբ տա հաղորդում, որպեսզի հասկանանք, ինչի մասին է խնդիրը: Տրամադրելու ենք դատաբժշկական փորձաքննության որոշում, բայց ինքը չգիտես ինչու անվստահություն հայտնեց, ասաց՝ չեմ ուզում առանց պաշտպանի ներակայանալ: Ես իրեն երաշխավորել եմ, ասել եմ՝ ոչ մի խնդիր չի առաջանա, դու գալու ես լրիվ ուրիշ ծառայություն, ես հետաքննիչն եմ, ես ի՞նչ պետք է անեի իրեն: Որևէ խնդիր չկա, գուցե ինքը հոգեբանորեն այդպես է տրամադրված»,- ասաց հետաքննիչը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 906 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար