Ուժեղ նշանակում Արցախում. վստահության գեներալը

24-02-2020 17:27:24   | Հայաստան  |  Վերլուծություն
Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանական բանակի հրամանատար: Նրա հնարավոր նշանակման մասին հայկական մամուլում գրվեց օրեր առաջ: Այդ տեղեկությունները շրջանառվեցին բանակում առկա իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հետո: Այդ խորհրդակցությունը պայմանավորված էր տարեսկզբից բանակում խաղաղ պայմաններում մահերի մտահոգիչ վիճակագրությամբ:
 


Փետրվարի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների նիստը, որտեղ դե ֆակտո հաստատվեց Մյունխենի անվտանգային համաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հայտնի քննարկումից հետո Երեւանի շրջանառության մեջ դրած «մյունխենյան սկզբունքների» քաղաքական օրակարգը, «անվտանգությունը չի զիջվում» պայմանական բանաձեւով:
 
Նիստին մասնակցում էին նաեւ այժմ արդեն նախկին նախարար Կարեն Աբրահամյանը, եւ այդ օրը դեռեւս Արցախի Գլխավոր շտաբի պետ Ջալալ Հարությունյանը: Համատեղ նիստից երկու օր անց պաշտոնապես հայտարարվեց Ջալալ Հարությունյանի նշանակման մասին:
 
Պետք է արձանագրել, որ խոսքը ուժեղ նշանակման մասին է: Ընդ որում ուժեղ ոչ միայն այսպես ասած ուժեղ ձեռքի իմաստով, որը կարող է էապես բարձրացնել բանակում ոչ կանոնադրական հարաբերության
դեմ պայքարի արդյունավետությունը: Խոսքը ուժեղ նշանակման մասին է նաեւ ռազմական իմաստով, թեեւ այդ առումով իհարկե նախորդ նախարարը՝ Կարեն Աբրահամյանը եւս խնդրահարույց թեկնածու չէր:
 
Դրանով հանդերձ, արդյոք Կարեն Աբրահամյանի պաշտոնից ազատումը պայմանավորված էր լոկ ներբանակային կարգապահության եւ վերահսկողության հարցերով: Համենայն դեպս պետք է նկատել, որ բանակի շուրջ քննարկումների ֆոնին մամուլում եղավ նաեւ Կարեն Աբրահամյանի վերաբերյալ անհարմար հրապարակում, այն մասին, որ Արցախի զորամասերից մեկում ծառայում է նրա որդին եւ գտնվում է այսպես ասած արտոնյալ շրջանակում:
 
Թե՞ Արցախի պաշտպանության նախարարի նոր նշանակումը այդուհանդերձ ունի նաեւ ավելի լայն քաղաքական շարժառիթների շրջանակ: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Առավել եւս, որ ի վերջո հայկական բանակի ներբանակային իրավիճակն ու մթնոլորտը ունեն ոչ միայն քաղաքական, այլ ընդհուպ ռազմա-քաղաքական էական նշանակություն:
 
Ահա այդ իմաստով էլ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նշանակումը բավական ուժեղ է, քանի որ խոսքը բանակում գրեթե անթերի հեղինակություն ունեցող գեներալի մասին է՝ թե զինվորական, թե մարդկային նկարագրի առումով: Այդ հեղինակությունը էական նշանակություն ունի նաեւ այն մթնոլորտը ցրելու հարցում, որ բանակի շուրջ ստեղծում են տարբեր նպատակների շահառու բազմազան
խմբեր՝ խաղալով զինված ուժերում արձանագրված ողբերգական դեպքերի վրա: Այդ առնչությամբ նենգափոխումներն ու շահարկումները, իսկ հաճախ էլ պարզապես անկեղծ մղումով բարձրաձայնվող, սակայն որեւէ մասնագիտական քննություն չբռնող հայտարարություններն իրենց էական, վտանգավոր հետքն են թողնում բանակում հրամկազմի տարբեր աստիճանակարգերում եղած սպասումների վրա: Այդ իմաստով, Ջալալ Հարությունյանի նշանակումը նաեւ լարված մթնոլորտը եւ սպասումները թուլացնող, վստահության մթնոլորտ ձեւավորող նշանակում է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 923 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար