Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետ

վարչապետն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին

24-02-2020 18:12:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
 


Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, և Հայաստանը կարևորում է և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման
համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:
 
Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով: Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման  գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաև բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
 
Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:
 
Նիկոլ Փաշինյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար