Իշխանության ներկայացուցչները պետք է խոսեն հստակ փաստերով, հակառակ պարագայում այս ամենն արդեն շատ անլուրջ է դառնում. Կարեն Քոչարյանը՝ վարչապետի այսօրվա հայտարարությունների մասին

26-02-2020 18:10:36   | Հայաստան  |  Հասարակություն
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով այսօր կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարին նոր որակ ու թափ հաղորդելու վերաբերյալ վարչապետի հրավիրած խոհրդակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
 
Հարգելի պարոն Փաշինյան,
 
Այսօր, կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված խորհրդակցության ընթացքում, Դուք հետևյալ արտահայտությունն արեցիք. «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են, բառիս բուն իմաստով, դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը»: 
 
Քաղաքական անցուդարձին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ նախընտրական (քարոզչական) ժամանակահատվածում (իսկ Հայաստանը հիմա հենց այդ փուլում է գտնվում) քաղաքական գործիչների հռետորաբանությունը միշտ ավելի էմոցիոնալ է լինում: Սակայն բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ առավել ևս առաջին դեմքը, այնուամենայնիվ, պետք է զերծ մնան նախընտրական տրամաբանությունից բխող
հայտարարություններից: Այդ իսկ պատճառով խնդրում եմ պատասխանել մի քանի հարցերի, որոնք պարբերաբար մնում են «օդում կախված խոսակցությունների» մակարդակում:
 
Հարց 1. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ապա ինչո՞ւ անուններ չեք տալիս, որպեսզի ժողովուրդն իմանա. այդ ովքեր են խոչընդոտել կոռուպցիոն դեպքերի բացահայտումը:
 
Հարց 2. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ոորտե՞ղ են նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու դատավճիռները:
 
Հարց 3. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ինչո՞ւ եք նրանց հանդուրժել համակարգի ամենավերին օղակներում:
 
Հարց 4. Եթե նրանք այլևս հեռացվել են համակարգից, ո՞վ կամ ի՞նչն է խանգարում այսօր իրականացնել բացահայտումները:
 
Հարց 5. Դեռ 2018թ-ին, Իրան կատարած Ձեր այցի ժամանակ, Դուք հայտարարեցիք, որ «Հայաստանում վխտում են օտարերկրյա գործակալները»: Արդյո՞ք անցած 1.5 տարվա ընթացքում այդ գործակալներից մի քանիսը բռնվել են, թե՞ նրանք մինչ օրս շարունակում են «վխտալ» մեր երկրում:
 
Ես, իսկապես, ակնկալում եմ այս հարցերի պատասխանները: Հակառակ պարագայում, երկրի
ղեկավարի հայտարարությունները նմանվում են մեր ԶԼՄ-ների «սեփական աղբյուրներից» ստացված այն լուրերին, որի գերին եք աստիճանաբար դառնում Դուք: 
 
Ի դեպ, կարծում եմ իշխանության բոլոր ներկայացուցչները պետք է խոսեն հստակ փաստերով (ինչպես, օրինակ՝ պարբերաբար ներկայացվող 100 փաստերն են): Հակառակ պարագայում, այս ամենն արդեն շատ անլուրջ է դառնում:
 
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան»
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1015 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար