Վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է, թե համակարգում կան «դավաճաններ». որտե՞ղ է այդ արտահայտությանը նախորդած կամ հաջորդած քրեական գործը. Մանե Թանդիլյան

28-02-2020 16:34:08   | Հայաստան  |  Քաղաքական
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ և որակ հաղորդելու նպատակով նիստ էր հրավիրել, որի ընթացքում հայտարարեց, որ բավարարված չէ իրավապահ համակարգի կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարի տեմպերից ու արձանագրված արդյունքներից: 
 


Թեմայի շուրջ «Նոյյան Տապան»-ը զրուցել է Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հետ: 
 
Տիկի՛ն Թանդիլյան, ինչպե՞ս եք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի կողմից արված արձանագրումները: Նա իրավապահ մարմիններին մեղադրեց դանդաղկոտության մեջ, ինչն էլ պատճառ է դարձել, որ Հայաստանից թալանվածը ցանկալի ծավալներով չի վերադարձվում պետական բյուջե. Ձեր կարծիքով՝ սա նորությո՞ւն էր վարչապետի համար, թե՞ պարզապես հանրաքվեից առաջ հերթական քարոզչական հայտարարությունը 
 
- Առհասարակ կառավարության աշխատանքի տեմպերը անբավարար են և դանդաղ՝ լիարժեքորեն օգտագործելու ընձեռնված հնարավորությունը իրական և էական փոփոխություններ անելու համար: Բաց թողնված ժամանակը ոչնչով չի փոխհատուցվելու, սա զուտ կորցրած հնարավորություն է թե՛ տնտեսական առումով, թե՛ իրական արդյունքներ տալու տեսանկյունից: Կան գործողություններ և միջոցառումներ, որոնք կարող են արդյունք տալ միայն այն դեպքում, երբ դրանք իրականացվում են ճիշտ ժամանակին
և արագ: Կոռուպցիայի դեմ պայքարը դրանցից մեկն է: Դանդաղ գործելը հավասար է ոչինչ չանելուն արդյունքի տեսանկյունից: Ավելին, ինչքան շատ խոսես այդ մասին ու քիչ գործես, այնքան ավելի ես վատթարացնում իրավիճակը և այնքան ավելի քիչ է հավանական, որ կոռուպցիան կբացահայտվի: Առանց այդ էլ կոռուպցիան բացահայտելը դժվար գործ է, և կարևորագույն կոմպոնենտ է օպերատիվ գործողությունը: Իսկ մենք արդեն 2-րդ տարին է՝ խոսում ենք կոռպուցիայի դեմ պայքարի մասին, սակայն ոչ միայն էական տեղաշարժ չկա, այլև ենթադրյալ վերականգնված գումարների իրավական հիմքերի անբավարար հիմնավորվածութան խնդիր ունենք: 
 
Եթե իրավապահ համակարգը դեռևս լիարժեք չի կատարում իր գործառույթները հանրապետությունում կատարված և կատարվող կոռուպցիոն գործողությունները/գործարքները պատշաճ բացահայտելու , կոռուպցիոներներին պատասխանատվության ենթարկելու համար, ապա ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դրել վարչապետը
 
- Վարչապետի խոսքը ուղղված իրավապահ համակարգին իմ գնահատմամբ ոչ թե իշխանության առաջնորդի, ղեկավարի խոսք էր, ով, ըստ էության, կրում է այդ դանդաղկոտության պատասխանատվությունը, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսք էր, ուղղված անհայտ պատասխանատուներին: Ղեկավարի գործը ոչ թե համալրելն է ընդդիմադիրների շարքերը և ոչ այնքան՝ խնդիրները բարձրաձայնելը, որքան՝ այդ խնդիրները լուծելը, և լուծել չկարողացողներին պատասխանատվության ենթարկելն է, փոխարինելը նրանցով, ովքեր կկարողանա լուծումներ գտնել: Վարչապետը պետք է ստանձնի այդ խնդիրների լուծման, ինչպես նաև չլուծման պատասխանատվությունը, որովհետև երբ իր ղեկավարած կառույցում խնդիրները չեն լուծվում, դրա ամենամեծ բաժին պատասխանատվությունը և ձախողումը ղեկավարինն է: 
 
Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճանապարհով հնարավոր կլինի հասնել այս ակնհայտ խնդրի լուծմանը
 
- Պատասխանատու
պաշտոններին ճիշտ և գործունակ կադրեր նշանակելով, համակարգային փոփոխություններ իրականացնելով, նոր և արդյունավետ մեխանիզմներ ներդնելով, օպերատիվ ու արհեստավարժ գործելաոճ որդեգրելով: Վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է, թե համակարգում կան «դավաճաններ»: Որտե՞ղ է այդ արտահայտությանը նախորդած կամ հաջորդած քրեական գործը, որը կհիմնավորի վարչապետի հայտարարությունը: Անթույլատրելի եմ համարում նման մակարդակով այդ մասին հայտարարություն անելը, և անցնել գնալը: Չէ՞ որ սա կարող է արժեզրկել վարչապետի խոսքը, իսկ վարչապետը ինձ համար անձ չէ, այլ՝ մեր երկրի ճակատագրի համար պատասխանատվություն կրող ինստիտուտ:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար