Շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում. պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը

27-03-2020 19:15:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր կեսօրին պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ»  ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը:
 


Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում: «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազրկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:
 
«Ուլտրաիմիջինգ»-ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,- պատմեց Արամ Քոչարյանը:
 
Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:
 
Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:
 
Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը
վճարված է:
 
«Ուլտրաիմիջինգ» -ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:
 
«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,- նշեց Արամ Քոչարյանը:
 
Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70 % աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:
 
ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավիճակը ֆորս մաժոր ճանաչելու հայտարարությունը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից:  Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:
 
«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով
ենք, որ կվճարեն»,- ասաց Նատալյա Սարաջյանը:
 
Քիչ անց «Ուլտրաիմիջինգ» կենտրոնից տեղեկացանք, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:
 
Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:
 
«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունն ասում է, որ ստեղծված իրավիճակը երկրի և ՀԷՑ-ի ղեկավարության, ինչպես նաև պարետի և հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի:  
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1222 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար