Յուրի Խաչատուրովը ոչ թե խուսափում է, այլ սարսափում է․ Անդրանիկ Քոչարյան



28-03-2020 11:25:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դեռեւս մարտի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների
 


հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ը նամակ է ուղարկել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, որպեսզի նա ներկայանա հանձնաժողովի նիստին: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ մարտի 25-ը պետք է Խաչատուրովը պատասխաներ իր ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Խաչատուրովն արդեն գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու հայտնել, որ մերժում է հրավերը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի բոլոր անդամները շատ ծանր են տարել այդ տեղեկությունը, ու, կարելի է ասել, վերջիններս չեն պատկերացրել, որ Խաչատուրովը հեղափոխական Հայաստանում նման կերպ իրեն կդրսեւորի:
 
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի անդամները ներքին քննարկում են ունեցել այս փաստաթղթի մերժման հետ կապված ու որոշել են երկուշաբթի օրը՝ մարտի 30-ին, աշխատանքային հանդիպում ունենալ ու վերջնականապես որոշել, թե ինչպես են պատասխանելու Խաչատուրովի կողմից ուղարկված փաստաթղթին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռեւս որոշում չկա, թե ինչ կարելի է անել այս պարագայում, քանի որ ակնհայտ է, որ այլեւս Խաչատուրովը չի
խոսելու քառօրյա պատերազմի մանրամասների մասին: Ավելին, հանձնաժողովականները վստահ են, որ եթե նման կերպ է իրեն դրսեւորել Խաչատուրովը, ապա նույն կերպ էլ իրեն կդրսեւորի Սերժ Սարգսյանը, որին հանձնաժողովը պատրաստվում էր խորհրդարան հրավիրել Խաչատուրովի հետ հանդիպումից անմիջապես հետո:
 
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատուրովի՝ Ազգային Ժողով ուղարկած փաստաթղթի վրա աշխատել են իր փաստաբանները ու, կարելի է ասել, իրավական բոլոր հիմքերը ներկայացրել են՝ Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու վերաբերյալ: Նաեւ դա է պատճառը, որ հանձնաժողովի անդամները հայտնվել են անելանելի վիճակում. ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի կարողանան նրա «հախից գալ»:
 
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս բոլոր հարցերի շուրջ զրուցել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:
 
-Պարո՛ն Քոչարյան, արդեն հանձնաժողովը ստացե՞լ է Յուրի Խաչատուրովի պատասխանը՝ հանձնաժողով ներկայանալու եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին պատասխանելու հետ կապված: Ի՞նչ նամակ եք ստացել Խաչատուրովից:
 
-Այո, ստացել ենք նամակը, մենք երկուշաբթի օրը աշխատանքային քննարկում ենք ունենալու, որի ժամանակ կքննարկենք այդ կապակցությամբ մեր քայլերը:
 
-Այսինքն՝ Յուրի Խաչատուրովը մերժե՞լ է ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին, որը կապված է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին:
 
-Ես դեռեւս նամակը չեմ հրապարակում, մինչեւ աշխատանքային քննարկում չլինի, քննարկման արդյունքում մենք կորոշենք՝ լրատվամիջոցներին ինչ տեղեկություն կտրամադրվի. որ ինֆորմացիա կփոխանցենք ԶԼՄ-ներին, չկասկածեք:
 
-Մարտի 24-ին Յուրի Խաչատուրովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինքը ներկայանալու է հանձնաժողովին, որպեսզի պատասխանի ձեզ հուզող հարցերին, հայտարարել էր. «Не до этого», եւ անջատել էր հեռախոսը:
 
-Եթե Յուրի Խաչատուրովի հետ խոսում եք, մի հատ փորձեք պարզել, թե ինչ է նշանակում «Не до этого», դա «до этого»-ով որտեղ է, իր համար « до этого»-ն ո՞րն է, կորոնավիրո՞ւսն է, թե՞ այն հարցերի պատասխաններն են, որոնք իր մոտ են ու Սերժ Սարգսյանի մոտ են: Թող ինքը այս հարցերին պատասխանի, թող ասի՝ որտեղ են այդ հարցերի պատասխանները:
 
-Այսինքն՝ կարծում եք, որ Յուրի Խաչատուրովը ինֆորմացիայի է տիրապետում, որը իր չգալով թաքցնում է հանրությունի՞ց:
 
-Բնականաբար, ոչ թե խուսափում է, այլ, իմ կարծիքով, սարսափում է: Պրոբլեմը ինքը չի, հաստատ իրեն ուժեր են ասում, որ հանկարծ չգնաս, որովհետեւ իրենք գիտեն, որ այստեղ եկել են բոլորը, հիմնականում մնացել են երկուսը:
 
-Արդեն ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանը եւս կմերժի հանձնաժողովի հրավերը եւ չի ներկայանա հարցաքննությանը:
 
-Չգիտեմ, Սերժ Սարգսյանը կարող է գա ու ասի, կներեք էլի, պետք է այդ հարցերը Խաչատուրովից իմանաք, իրեն հարցնեք: Իրենք ամեն ինչ անելու են, որ Խաչատուրովին հեռու պահեն, ես հասկանում եմ, դա այնքան պարզ է: Բա Ապրիլյանը կարեւոր չի, բա ի՞նչն է կարեւոր իրենց համար, որ հայտարարում են՝ «Не до этого»: Ինքը հիմա մեզ հետ խոսում է իրավաբանների միջոցով, իսկ իրավաբաններն էլ ենթարկվում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին կամ, չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանին: Ինքը չի տնօրինում իր կարծիքը, որովհետեւ խելոք մարդը չի կարող հայտարարել, թե «Не до этого»:
 
-Ձեր ղեկավարած քննիչ հանձնաժողովը այս նամակին պատասխան է պատրաստվո՞ւմ ներկայացնել ու քայլե՞ր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
 
-Բնականաբար, մենք ծրագիր ունենք մեր հետագա քայլերի, ու դա որոշվելու է հանձնաժողովում քննարկումների արդյունքում, աշխատանքային քննարկման ժամանակ մենք կգտնենք լուծումներ ամենակարեւոր փուլը արժանապատվորեն ավարտելու համար:
 
Հ․Գ․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հանձնաժողովի անդամները, գիտակցելով, որ Խաչատուրովը, հնարավոր է, մերժի եւ չներկայանա խորհրդարան, պլան Բ-ի նախագծեր են ունեցել ու հենց դա էլ պետք է քննարկեն երկուշաբթի՝ նիստի ժամանակ: Բայց թե դա ինչ օգուտ կարող է բերել քննիչ հանձնաժողովին, դժվար է ասել, քանի որ քննիչ հանձնաժողովի անդամները ակնկալել են, թե հենց Խաչատուրովից են ողջ ինֆորմացիան իմանալու՝ քառօրյա պատերազմի բացթողումների հետ կապված: Գուցե գրավոր հարցեր ուղարկեն նրան: Համենայնդեպս, նրան որեւէ կերպ չեն կարող պարտադրել ինֆորմացիա ասել:
 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1052 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար