Ով է վերահսկում ադրեջանական բանակը. Անկարան փորձում է «կանխարգելիչ» քայլե՞ր ձեռնարկել

01-04-2020 12:02:15   | Հայաստան  |  Վերլուծություն
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկեւան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ, նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող», – նշված է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
 


«Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը», – հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
 
Ի՞նչ է ակնարկում ԱԳՆ-ն: Հայաստանի ու Ադրբեջանի
միջեւ օպերատիվ կապով խոսակցություն եղե՞լ է, Երեւանը ստացե՞լ է պաշտոնական Բաքվի հավաստիացումը, որ սահմանին գործողություններն Ադրբեջանի ղեկավարության հրահանգով չեն եղել: Այդ դեպքում ո՞վ է հրահանգել, ո՞վ է վերահսկում Ադրբեջանի զինված ուժերը:
 
Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի արձանագրում է Ադրբեջանում անիշխանությունը՝ միջազգային հանրությանը հայտնելով սպառնալիքի մասին: Ո՞վ է վերահսկում բանակը: Խոսքը Թուրքիայի՞ մասին է, որը վերջին շրջանում բացահայտ իշխանության է հավականում Ադրբեջանում կամ առնվազն Նախիջեւանում: Թուրքիան փորձու՞մ է վերցնել Ադրբեջանի զինված ուժերի կամ դրա մի մասի հրամանատարությունը:
 
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն համաշխարհային հանրությանը կոչ է արել չճանաչել ընտրությունները Լեռնային Ղարաբաղում՝ խոստանալով «արդար լուծում» Մինսկի խմբի շրջանակում: Թուրքիայում հիանալի հասկանում են, թե աշխարհքաղաքական նոր իրավիճակում ինչ կարող է նշանակել ընտրություններն Արցախում: Անկարան փորձում է «կանխարգելիչ» քայլե՞ր ձեռնարկել՝ Ադրբեջանին մղելով զինված հակամարտության:
 
Բայց Բաքվում հասկանում են, որ նավթի ներկայիս գնի, սպասվող սոցիալական ճգնաժամի եւ հասունացող ընդվզման պայմաններում ալիեւյան կլանն ի վիճակի չէ դիմանալ ռազմական բախմանը: Բացի այդ, Բաքվում հավանաբար
կասկածում են, որ Թուրքիան փորձում է ամրացնել իր դիրքերը Նախիջեւանում, եթե Ադրբեջանը դադարի գոյություն ունենալ որպես երկիր: Իսկ դա կլինի, եթե հայկական կողմը կարողանա խփի վերջին մեխը ռուս-թուրքական մեկդարյա պայմանավորվածությունների դագաղին:
 
Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրու՞մ է քաոս Բաքվում եւ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար