Քաղաքացին 87 միլիոն դրամով անշարժ գույք է գնել, բայց տնօրինել չի կարողանում. այն արգելանքի տակ է. ՀԺ

01-04-2020 18:30:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Փաստաբան Մասիս Մելքոնյանը դիմել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն՝ բողոքով, որ իր վստահորդը մասնակցել է սնանկ ճանաչված անշարժ գույքի աճուրդին, որը գրավադրված է եղել բանկում, ձեռք բերել այն 87 միլիոն դրամով, սակայն այժմ չի կարողանում տնօրինել իր սեփականությանը, քանի որ այն արգելանքից չի հանվում:
 


Խոսքը Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող 188 քառակուսի մետր տարածքով գեղեցկության սրահի մասին է, որը նախկինում պատկանել է այս նոր գնորդի մորը՝ Մ. Ջ.-ին: Վերջինս այն գրավադրել է «ԱյԴի բանկ»-ում, ունեցել պարտքեր, ի վերջո դատարանի որոշմամբ՝ սնանկ ճանաչվել, գույքն էլ վերցվել է արգելանքի: Դա՝ դեռեւս 2017 թվականին: Դրանից հետո կազմակերպության գույքագրում է արվել, սահմանված կարգով նշանակվել է Սնանկության կառավարիչ, որն էլ գույքը հանել է աճուրդի: 2019 թվականի նոյեմբերին կազմակերպված աճուրդին մասնակցել է ե՛ւ պարտատեր բանկը, ե՛ւ այդ կնոջ որդին՝ Ա. Ջ.-ն. «Որպեսզի իրենց տարածքը չկորցնեն, որդին պարտքով գումար է ձեռք բերել, առաջարկել ամենաբարձր գինը՝ 87 միլիոն դրամ (մեկնարկային գինը անկախ փորձագետի կողմից գնահատվել է 76 միլիոն), եւ հաղթող ճանաչվել, ինչից հետո՝ 2020 թվականի հունվարին, գնել է այն, եւ Սնանկության կառավարիչը դատարանի թույլտվությամբ գույքը օտարել է»,- պատմեց փաստաբանը: Վերջինիս խոսքով՝ դատարանի որոշման համաձայն՝ գույքի վաճառքի պայմաններում եղած արգելանքները հանվում են, որպեսզի նոր սեփականատերը օգտվի սեփականության իր իրավունքից, ինչը անձի սահմանադրական իրավունքն է. «Հիմա այս մարդը առել է գույքը, նոտարով ձեւակերպել, դարձել սեփականատեր եւ այժմ ուզում է գրավադրել իր սեփականությունը մեկ այլ բանկում, որպեսզի իր պարտքերը փակի, բայց բանկն ու Կադաստրի կոմիտեն չեն հանում գրավի արգելանքը. ստացվում է, որ նա 87 միլիոն դրամ վճարեց, առավ գույքը, մի այդքան էլ պարտք առավ հետը, բայց նա ի՞նչ կապ ունի հին պարտքերի հետ. դա աբսուրդ
է»:
 
 
Ըստ Մելքոնյանի՝ սահմանված ընթացակարգի համաձայն՝ գույքի վաճառքից ստացված գումարը փոխանցվել է Սնանկության կառավարչի՝ այդ նպատակով բացված հաշվեհամարին, որը պարտքի բաշխման ծրագիր է կազմել, այն ուղարկել բանկ, որպեսզի զրոյանան բանկում եղած պարտքերը. «Հիմա այդ պրոցեսն է, բայց բանկն ու կառավարիչը իրար հետ ընթացակարգային խնդիր ունեն, դա կարող է ամիսներ տեւել, իսկ Կադաստրը չպիտի սպասի նրանց հարաբերություններին, ԴԱՀԿ-ի որոշումների հիման վրա բոլոր արգելանքները պիտի անմիջապես հանի, այլ սահմանափակումներ էլ են եղել, դրանք հանել է, այս մեկը՝ թողել»: Մելքոնյանը նշեց, որ ինքը դիմել է Կադաստրի կոմիտե, որտեղից իրեն պատասխանել են, որ հարցը քննարկման փուլում է, իրեն ավելի ուշ կտեղեկացնեն: Ինչ վերաբերում է բանկին, վերջինս, ըստ փաստաբանի, իրենց մի գործարք է առաջարկել. «Ասացին՝ սխալներ են տեղի ունեցել, մենք փող ենք կորցնում, այսքան մուծեք, որ մենք ձեզ չխանգարենք, շատ չմանրամասնեմ, որովհետեւ դա բանավոր են ինձ ասել, երբ գրավոր դիմել եմ, լրիվ այլ պատասխան են տվել: Ես հարցրել եմ՝ սխալը մե՞ր պատճառով է, ասել են՝ չէ, հարցրել եմ՝ օրենքի բա՞ցն է, ասել են՝ չէ, չեն ասել՝ ինչ սխալ է, ասել են՝ մենք փող ենք կորցնում, տոկոսները սխալ ենք հաշվել»: Ըստ փաստաբանի՝ այստեղ կա սուբյեկտիվ շահագրգռվածություն. «Հիմա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ բանկը Կադաստրում մարդ ունի, որին թելադրում է իր կամքը, որպեսզի մարդուն խոչընդոտի իրացնել իր սեփականության իրավունքը. սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա»: Հարցին՝ արգելանքից հանողը Կադաստրի կոմիտե՞ն պիտի լինի, թե՞ բանկը, Մելքոնյանի պատասխանեց. «Ե՛վ բանկը, ե՛ւ Կադաստրի կոմիտեն. Կոմիտեն առանձին պետական լիազոր մարմին է, բանկը հանի-չհանի, դա բանկի խնդիրն է, Կոմիտեն պարտավոր է հանել, որովհետեւ ԴԱՀԿ-ի կողմից որոշում է ուղարկվել այն մասին, որ կատարողական վարույթը կարճվել է, արգելանքը՝ հանվել, մնում է Կադաստրը կատարի այդ պրոցեսը, ինչը չի անում. սա արդեն կամայականության դրսեւորում է»:
 
Կադաստրի կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների գործողություններին գնահատական տալու համար Մասիս Մելքոնյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին` խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ-ի 353-րդ հոդվածի հատկանիշներով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում դիտավորությամբ չկատարելու համար: Հաղորդումը Դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից իրենց հրավիրել են՝ բացատրություն տալու. «Հետաքննիչը մեզ է հարցաքննել, Կադաստրի գրանցման վարչության պետին, եւ մերժել է քրեական գործի հարուցումը այն հիմնավորմամբ, թե Կադաստրի կոմիտեն չի ունեցել ուղղակի դիտավորություն գույքը արգելանքից չհանելու վերաբերյալ»: Հետաքննիչի այս որոշման դեմ Մելքոնյանը բողոք է ներկայացրել Դատախազություն՝ միաժամանակ
խնդրելով, որ այն ենթակայության կարգով ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ հաշվի առնելով, որ խոսքը պաշտոնատար անձանց մասին է:
 
Կադաստրի կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ «Սնանկության մասին» օրենքով սնանկության շրջանակներում գրավադրված գույքի օտարման դեպքում գրավի իրավունքի պահպանման վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն. «Տվյալ դեպքում դատարանի որոշումից պարզ չի դառնում՝ արդյոք գույքն օտարվել է բանկի պահանջով կամ բանկը ներգրավված է որպես պարտատեր, ուստի ելնելով վերոգրյալից՝ գրանցված գրավի իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել պարզաբանում՝  տրված սնանկության գործերով կառավարչի կամ բանկի կողմից, ինչի վերաբերյալ փաստաբանին մի քանի անգամ ասվել է, ուղարկվել է նաեւ գրավոր պատասխան»: Կոմիտեից շեշտեցին նաեւ, որ Կառավարչի կողմից տրված նման մի տեղեկանքի հիման վրա, օրինակ, դադարեցվել են գույքի նկատմամբ մյուս արգելանքներն ու սահմանափակումները, սակայն գրավի իրավունքի դադարեցման լիազորություն առանց այդ տեղեկանքի իրենք չունեն: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար