Արման Թաթոյանը Ռուսաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հարցեր

03-04-2020 14:28:48   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
 
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում  Նոր
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:
 
Տեսազանգի ընթացքում կողմերն
իրականացրել են փորձի փոխանակում գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:
 
Կողմերը կարևորել են Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը և տեղեկությունների արագ և արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան և օմբուդսմանների միջև:
 
Կողմերը  քննարկել են քաղաքացիների աջակցությունը թեժ գծի ծառայության միջոցով ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի և արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձևաչափով քննարկումներ՝ փորձի փոխանակման նպատակով:
 
Երկու երկրների աշխատակազմերում առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում և տեղեկություններ են փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար