Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը

09-04-2020 15:38:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին: Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր` 2019 թ.-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2019 թ.-ին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, 2020 թ. հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թ.-ին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
 
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն
աշխատավարձի կրկնապատիկի չափով։
 
Անկախ հավելվածի երրորդ մասով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝ շահառու անձինք 2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային
մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա  չունեն, հանդիսանում են սույն հավելվածի երկրորդ մասի երրորդ մասով սահմանված շահառու հանդիսացող անձ։ Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։
 
Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ որոնց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը, ովքեր 2020 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից և ովքեր հանդիսանում են այլ միջոցառման շահառու։
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Մեր հակաճգնաժամային այս միջոցառումներն ունեն օպերատիվ, ընթացիկ բնույթ, բայց մեր որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ մեր վարած քաղաքականության և ապագային միտված մեր քաղաքական պատկերացումների հետ»:
 
Վարչապետի խոսքով՝ միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների  միջոցով,  ավելի շատ աջակցություն կստանան, իսկ ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: «Բոլոր 10 միջոցառումների մեջ, մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական և ռազմավարական կոմպոնենտը, որովհետև այս շրջանում սրանով մենք պետք է առավելագույնս խրախուսենք տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով: Եվ մեր բոլոր միջոցառումներում, ըստ էության, այսպիսի կոնտեքստ կա: Իհարկե, սոցիալական բաղադրիչում միշտ չէ, որ դա հաշվի է առնվում, որովհետև սոցիալականը մի քիչ ուրիշ  տրամաբանություն ունի»,-ասել է կառավարության ղեկավարը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար