Տիգրան Մուկուչյանը հարցաքննվել է․ ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



09-04-2020 16:35:40   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 


«Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացների միջև: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն:
Սակայն ոստիկանության բաժնի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ծանոթները՝ Հայկ Հակոբջանյանը, Արման Բաբայանը և Վիլիամ Պապիկյանը, հայհոյանքներ են տվել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով նրանց դիտողություն կատարած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ջահանգիրյանին և ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սամսոն Ասրյանին ցուցաբերել են դիմադրություն, գործադրել բռնություն, մասնավորապես՝ բոլոր ոստիկանության ծառայողների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, քաշել նրանց հագուստներից և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրանց:
Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են:
 
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
««Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար:
14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են,
ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:
Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից թերթին ընդամենն ասացին, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում:
Փաստացի, գործատուն պնդում է, որ իրենք առաջնորդվում են աշխատանքային օրենսդրությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին, աշխատողները պնդում են, որ պարապուրդի մեջ գտնվող 14 (աշխատանքային 10) օրերի փոխարեն վարձատրվել են 4 օրվա համար: Ստեղծվում է յուրատեսակ փակուղի, որի առումով առավել հետևողական պետք է լինեն պատկան մարմինները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
 
«Արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը:
Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում՝ հանձնաժողովի կազմավորումից ի վեր, երկու նիստ է անցկացվել։
Հիմնականում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը, և հաստատվել է աշխատանքային պլանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն, և առաջիկայում այդ
մասին նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ինչպես հայտնի է, ըստ նախաքննական մարմնի՝ հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ այդ տարածքը վարձակալել է ԿԸՀ նախագահի կինը և այնտեղ նոտարական գործունեություն ծավալել:
Եվ, ահա, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Տիգրան Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։ Եվ, ահա, հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում, մյուսների համեմատ, առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել: Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը, և թե ինչ ցուցմունք է տվել, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթում»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար