Վախճանվել է հայտնի սրտանոթային վիրաբույժ Լևոն Բաբասյանը

18-05-2020 23:26:24   | ԱՄՆ  |  Հասարակություն


​2020թ. մայիսի 11-ին երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց բժշկական գիտությունների թեկնածու, սրտանոթային վիրաբույժ՝ Լևոն Անդրանիկի Բաբասյանը:
​Լ. Բաբասյանը ծնվել է Երևանում 1964թ. մարտի 5-ին: 1988թ Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես բժիշկ- անեսթեզիոլոգ Չարենցավանի շրջանային հիվանդանոցում, նաև՝ աշխատանքին զուգահեռ, որպես կամավորական, մասնակցել է Ղարաբաղի պատերազմին: Լևոնը ծառայել է Մոնթեի ղեկավարած զորամիավորմանը կից դաշտային զինվորական հոսպիտալում՝ որպես անեսթեզիոլոգ։
​ 1993թ. Լևոն Բաբասյանը ուսումը շարունակում է Մոսկվայի վիրաբուժության գիտական կենտրոնի կլինիկական օրդինատուրայում՝ սրտանոթային վիրաբուժություն մասնագիտությամբ, որտեղ էլ նա պաշտպանում է իր թեկնածուական թեզը: Ուսումն ավարտելուց հետո Լ. Բաբասյանը վերադառնում է հայրենիք, աշխատում ՀՀ առողջապահության նախարարությունում և Բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում:
​Լևոն Բաբասյանն ակտիվ հասարակական և քաղաքական գործիչ էր: Նա անտարբեր չէր իր երկրում տիրող անարդարությունների, լայնածավալ կոռուպցիայի ու ընտրակեղծիքների հանդեպ, նա միանում է Հայ ազգային կոնգրեսի պայքարին՝ ընդդեմ ժամանակի իշխանությունների: Այնուհետև, 2008թ. մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, քաղաքական հետապնդումների պատճառով Լ. Բաբասյանը ստիպված արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:: Այստեղ նա նույնպես ակտիվորեն մասնակցում է քաղաքական խմբակների աշխատանքներին՝ նպաստելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվության և գաղափարախոսության ներկայացմանը: Միացյալ Նահանգներում Լ Բաբասյանը ընդունվում է Լոս Անջելեսի Վալեյ քոլեջ, որտեղ ստանում է շնչուղիների թերապևտի մասնագիտություն, իսկ հետագայում նա մասնագիտանում է մի շարք բարդ բժշկական ախտորոշիչ տեխնոլոգիաներում,նա հետագայում հիմնադրում է ՛՛Սանուս Դիագնոստիքս՛՛ ախտորոշիչ կենտրոնը:
​Լևոն Բաբասյանը իր կյանքն անմնացորդ նվիրեց մասնագիտական գործին, եղավ անզիջող մարտիկ առկա անարդարությունների և անազնիվ քաղաքական սկզբունքների հանդեպ: Լևոն Բաբասյանի հիշատակը միշտ վառ կմնա իր ընտանիքի, հարազատների և բազում ընկերների սրտերում:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Լևոն Անդրանիկի Բաբասյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5580 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար