Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր

22-05-2020 13:35:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ՀՀ և ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ:
 
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: «Ցանկալի է ոչ թե շարունակել, այլ ավելի ակտիվացնել համագործակցությունը, քանի որ առաջիկայում նախատեսում ենք զարգացման շատ ավելի մեծ տեմպեր ապահովել, իսկ միայն երկու կառավարությունների ֆինանսական միջոցները թույլ չեն տա դա անել: Պետք է լինելու ավելի հավակնոտ
ծրագրեր իրականացնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
 
«Շնորհակալ եմ հարգելի պարոն նախագահ: Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում Արցախում
բանկային համակարգի բավականին լուրջ զարգացում է արձանագրվել, որն էական նշանակություն է ունեցել Արցախի տնտեսական հաջողությունների համար: Տնտեսական այն հավակնությունները, որ ունենք համատեղ, հնարավոր չի լինի իրագործել, եթե այդ բովանդակությունն ընկալված չլինի բանկային համակարգի կողմից: Ինչ որ առումով այդ բովանդակությունը պետք է համատեղ ձևավորվի:  Հակաճգնաժամային այս ժամանակաշրջանում նաև դրա փորձը կիրառում ենք, երբ կառավարության, բանկային համակարգի ու խորհրդարանի ներկայացուցիչները մի սեղանի շուրջ նստած քննարկում են գյուղատնտեսության զարգացման, ճգնաժամը հաղթահարելու, սոցիալական խնդիրները լուծելու հարցեր: Սա իսկապես արդյունավետ կարող է լինել և սա պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած հանդիպում, այլ խոսակցություն, որն անընդհատ պետք է շարունակվի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
 
Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսանավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: 
 
Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ականջալուր լինել Հայաստանի և Արցախի կառավարությունների նախաձեռնություններին և առավել ընդլայնված կերպով ներգրավվել ծրագրերի իրականացմանը` շուկայի համար ապահովելով ավելի մեծ ու ցածր տոկոսադրույքներով միջոցներ:  
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար