Քաջարանի «ապստամբությունը». Ինչ է կատարվել

25-05-2020 09:30:12   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեկ ողջ օրը դրամատիկ ու լարված իրավիճակ էր Կապանի ոստիկանության դիմաց, որտեղ հավաքվել էին քաջարանցիները, ովքեր պահանջում էին գիշերը ձերբակալված քաջարանցիներին չտեղափոխել Երեւան: Ըստ Քննչական կոմիտեի պարզաբանման՝ քաջարանցիներին ձերբակալել են առեւանգման ու ծեծի գործով, նրանցից մեկի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի մարիխուանա տեսակի թմրանյութ:
 


Ըստ ՔԿ-ի՝ պարզվում է համայնքի ղեկավարի առնչությունն այս գործին: Խոսքը Քաջարանի քաղաքապետի մասին է, ում տանը նույնպես խուզարկություններ են կատարվել: Նա երեկ ներկա էր բողոքի ակցիաներին եւ ավելին, հանդես եկավ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը համարեց
քաղաքական հետապնդում իր հանդեպ:
 
Տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվածների հանդեպ ոստիկանությունում բռնություն է կիրառվել: Ոստիկանությունը հայտարարել է ծառայողական քննություն անցկացնելու մասին: Միաժամանակ տեղեկություն եղավ, որը արձանագրեց ՄԻՊ-ը, որ Երեւանից ոստիկանական զորք է տեղափոխվել Կապան:
 
Երեկ Ֆեյսբուքի իր էջում գրառում արեց Նիկոլ Փաշինյանը, որը թերեւս կապված էր Կապանի իրադարձությունների
հետ: Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն, գրել էր նա: Թերեւս այս հայտարարությունն էր պատճառը, որ ենթադրվեց, թե ցուցարարների դեմ ուժ է կիրառվելու:
 
Վերջին օրերին բազմաթիվ խուզարկություններ են կատարվել ոչ միայն Քաջարանի, այլեւ Սյունիք մի շարք այլ համայնքների ղեկավարների տներում: Խոսվում է նաեւ Գորիսի ու Կապանի քաղաքապետերի հանդեպ իրավական գործընթացների մասին: Արդյոք նման լայնածավալ գործողությունները կապված են առեւանգման ու ծեծի գործի հետ, թե այդ գործն ինչ որ այլ, առավել լայնածավալ խնդրի է առնչվում:
 
Այս համայնքների ղեկավարները իշխող ուժի ներկայացուցիչներ չեն, մյուս կողմից՝ ինչ որ առումով արտառոց է, երբ քաղաքապետը կառավարությանը մեղադրում է քաղաքական հետապնդման համար:
 
Ի՞նչ է կատարվել, եւ ո՞րն է այս իրադարձությունների պատճառը: Ոչ յուրային համայնքապետերին հեռացնելու ցանկությո՞ւնը, որը պնդում են համայնքապետերն ու «ընդդիմադիր» շրջանակները, թե՞ գործ ունենք իրապես լուրջ քրեածին իրավիճակի հետ: Բոլոր դեպքերում, իրավիճակը լուրջ է եւ պահանջում է իրավական, պատասխանատու ու թափանցիկ մոտեցում, առավել եւս նկատի առնելով Սյունիքի կարեւորությունն ու առանձնահատկությունը որպես ռեգիոն:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար