Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում. նախագահ

նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

25-05-2020 15:36:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ:
 


Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի շրջանավարտներ
 
Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր մարտահրավերների, որ ավելի խորն ու անմիջականորեն եք տեսնելու և զգալու՝ կյանքը միշտ գեղեցիկ է, որքան էլ այն բարդ է ու անկանխատեսելի:
 
Սիրելինե՛րս
 
Այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին: Բայց այն իր մեջ մարդկային շատ բան ունի և առաջ մղող մեծ, թվում է՝ անտեսանելի ուժ:
 
Դուք ավելի շատ ժամանակ ունեցաք տեսնելու ինքներդ ձեզ, ավելի մոտիկ լինելու ձեր ընտանիքներին, ավելի լավ հասկանալու ձեր զգացմունքն ու ավելի երկար մտորելու երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Ձեր ծնողներն ու հարազատները նույնպես ավելի շատ հնարավորություն ունեցան հասկանալու ձեզ, նայելու ձեր դեմքին ու ձեր հոգու մեջ:
 
Դուք հեռու էիք ձեր ընկերներից ու նրանց հետ ամենօրյա սովորական շփումներից: Բայց դրա շնորհիվ դուք նաև հնարավորություն ունեցաք ավելի լավ ճանաչելու նրանց և ավելի շատ գնահատել ընկերությունն ու դասարանի՝ որպես ընտանիքի, և դպրոցի՝ որպես տան արժեքը: Դպրոցը հանդիպման վայր է, միտք ու զգացմունք կիսելու, առաջին անգամ սիրահարվելու և սեր խոստովանելու, հասունության վայր: Բայց, իհարկե, այն նախ և առաջ, կրթություն, գիտելիք ստանալու ակունքն է:
 
Իմ պատանի՛ հայրենակիցներ
 
Ժամանակը, աշխարհը խելահեղորեն շտապում են: Գիտելիքը ձեզ օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերևացող հեռուն: Ամուր բռնեք գիտելիքի ձեռքից, միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաև տաղանդը:
 
Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ կենսափորձի, տեղեկացվածության, բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո: Հետո-ն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից և մեզ թափով հրում է առաջ։ Մեզ ստիպում է մտածել ավելի արագ, գործել ավելի արագ, գործել ավելի արդյունավետ։ Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, և իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում
դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք և ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր և ինչպես է շարժվում աշխարհը:
 
Սիրելի՛ շրջանավարտներ
 
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում ու ձեզ ճանապարհեր դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:
 
Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ և լայնախոհ:
 
Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:
 
Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»:
ուժ:   Դուք
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար