Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները. Փաշինյանը՝ Գորգիսյանին.ՀԺ

27-05-2020 18:33:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Պանդեմիայով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակում ենք ապրում, եւ այս իրավիճակում պետության կողմից 2 կարեւոր գործառույթ կա, որ պետք է իրականացվի։ Առաջինը՝ քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերն էին, որոնք թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից՝ շատ խիստ խնդրահարույց, որն արդեն մեր բոլոր քաղաքացիներն են տեսնում։ Երկրորդը կապիտալ շինարարության հարցերն են։
 


Այս մասին այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ 10-12 օր առաջ հարցում է ուղարկել Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ հասկանալու, թե որ փուլում են, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ արդեն տարվա կեսն անցել է, սակայն այդ աշխատանքները դեռ չեն իրականացվում։
 
Գորգիսյանը խոսեց նաեւ բանկային երաշխիքների տեսքով խոչընդոտների մասին։ «Եթե նայում ենք Ֆինանսների նախարարության տեսանկյունից, ընդունելի մոտեցում է, որովհետեւ Ֆինանսների նախարարությունը մտածում է ֆինանսների մասին, բայց եթե մենք նայում ենք էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից, տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության տեսանկյունից, աշխատանքը կանգնել է»,- ասաց Գորգիսյանը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ այն մտքին, թե բոլոր քաղաքացիներն արդեն տեսել են, որ սոցիալական աջակցության ծրագրերն արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց են։ Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն Գորգիսյանը չունի
եւ հայտարարեց, որ առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են իրենց եւ շնորհակալություն հայտնում աջակցության համար։
 
«Երկրորդը, ես կարծում եմ, որ ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի։ Նոր մի պատգամավոր հարց էր տալիս, ասում էր՝ այ, կեղծ երաշխիքներ են ներկայացվել եւ ակնարկում էր, որ այդտեղ ծանոթ-բարեկամ կապեր կան։ Եթե այդպիսի կապեր կան, ի՞նչն էր խանգարում, որ այդ կապերն ազդեին, որպեսզի այդ երաշխիքի ինստիտուտը չմտներ, եւ որպեսզի կեղծ երաշխիք չներկայացնեին եւ չբռնվեին, քրեական պատասխանատվության չենթարկվեին»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ այդ երաշխիքի ինստիտուտի մասին պարզ ասել է՝ չի վերացվելու։ Նրա հիմնավորմամբ՝ նրանք, որոնք ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ ՀՀ-ում «ատկատներ»-ի մեխանիզմը շարունակվի։
 
«Ես չգիտեմ՝ կարող է հիմա իշխանությանն «ատկատ» այլեւս չեն տալիս, սկսել են «ատկատ» տալ ընդդիմությանը, բայց դա չի վերացվելու, ուզում եք՝ օրը հազար անգամ դրա մասին հարցրեք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ բոլոր կապիտալ շինարարությունները կկանգնեն, ոչ մի կապիտալ շինարարություն չի կանգնել, ապա եւ վստահեցրեց, որ բոլոր կապիտալ շինարարություններն էլ՝ ըստ պլանի ընթանում են։
 
Նա նաեւ մեջբերեց մեկ այլ միտք նույն խմբակցության պատգամավորի, որ փոքր գործերը պետք է տալ փոքր ընկերություններին։ «Մեկը կարո՞ղ է բացատրել, թե մեծ ընկերությունը փոքր գործով ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի։ Էլի ասում եմ, այս ամբիոնից երեւի արդեն երեսուներորդ անգամ, ՀՀ-ում պետական գնումների 85%-ը մինչեւ 10 միլիոն
դրամանոց գնումներն են։ Մեր կարգավորումներով՝ մինչեւ 10 միլոն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետի պնդմամբ՝ կապիտալ շինարարությունը մեծ թափով սկսել է․ այսօր դպրոցաշինություն, ճանապարհաշինություն է իրականանում, բազմապիսի կապիտալ շինարարություններ են իրականանում։
 
Նա վստահեցրեց, որ չի կարող որեւէ մեկն ավելի շահագրգիռ լինել այդ պրոցեսով, քան ՀՀ Կառավարությունը։
 
«Մենք այսօր պետական գումարների ծախսման հետ կապված ունենք պատասխանատվություն եւ թույլ չենք տա անորակ շինարարություն: Չի՛ հանվելու բանկային երաշխիքը, իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները»,- եզրափակեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար