Խայտառակ գործարք Հայաստանի դեմ. հատուկ հանձնարարության ճակատագիրը

29-05-2020 14:50:11   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռամիլ Սաֆարովի ոճրագործության առնչությամբ ՄԻԵԴ օրերս հրապարակած վճիռը արձանագրեց Ադրբեջանի պետական քաղաքականության խայտառակ, փաստացի մարդասպան բնույթը, միաժամանակ «մաքրելով» այդ քաղաքականության առաջնորդ Իլհամ Ալիեւի եվրոպացի գլխավոր գործընկերներից մեկին՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
 


ՄԻԵԴ-ն, ինչպես հայտնի է, արձանագրել է, որ Հունգարիան չէր կարող հավաստի տեղեկություն ունենալ, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին: ՄԻԵԴ այդ դիտարկումը գրեթե զավեշտալի է, որովհետեւ 2004 թվականից մինչեւ 2012 թվական՝ երբ Սաֆարովը արտահանձնվեց Բաքվին, Ադրբեջանի իշխանությունը հարյուրավոր, թերեւս հազարավոր անգամներ հերոսացրել է Սաֆարովին:
 
Հունգարիայի կառավարության գեթ մեկ անդամ կարող էր գեթ մեկ անգամ, գեթ մեկ աչքով արձանագրած լինել այդ ամենը: Այդ տեսանկյունից անկասկած է, որ ՄԻԵԴ-ը պարզապես հանել է մարդասպան-ոճրագործին ազատություն պարգեւող խայտառակ գործընթացի համար պատասխանատվությունը ԵՄ անդամ պետության վրայից:
 
Իսկ Հունգարիան ընդամենը վաճառել է Սաֆարովին, ինչի վկայությունն այն
է, որ գործարքի միջնորդ եղել է ազգությամբ ադրբեջանցի, ռուսաստանցի միլիարդատեր, ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը: Ռուսաստանում միլիարդատեր դառնում եւ մնում են միայն ամենաբարձր քաղաքական հովանու պարագայում: Հետեւաբար մեղմ ասած մեծ է հավանականությունը, որ Ռահիմովը եղել է «ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը»
այդ գործընթացում: Պարզ է, որ գործարքը տեղի չէր ունենա, եթե չվայելեր Մինսկի խմբի համանախագահների, կամ առնվազն նրանցից մեկի քաղաքական հովանին:
 
Ի վերջո, խոսքը շատ զգայուն հարցի մասին էր, որը Հայաստանին տալիս էր բանակցային չափազանց կոշտ դիրքորոշման լեգիտիմ իրավունք: Այդ հանգամանքն ի դեպ իրավիճակը դարձնում է իհարկե բազմաշերտ: Թեեւ, այստեղ իհարկե կարեւոր է նկատել մի բան՝ 2004 թվականին կատարված այդ սարսափելի ոճրագործությունից հետո Հայաստանը շարունակեց բանակցել Ադրբեջանի հետ, այսպես ասած պրահյան գործընթացի շրջանակում, ինչի բովանդակության մասին լավագույնս խոսում էր թերեւս այն, որ ի վերջո 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանն ի նշան բողոքի լքել էր բանակցային սենյակը Ռամբույեում:
 
Վերադառնալով 2012 թվական, հարկ է նկատել, որ Սաֆարովի արտահանձնումը տեղի էր ունեցել այսպես ասած կազանյան գործընթացի տապալման ֆոնին: Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլի քառօրյայից հետո հայտարարեց, որ Կազանը տապալել է Ալիեւը: Իհարկե հանգամանքը, որ նա այդ մասին հայտարարեց ոչ թե անմիջապես տապալումից, այլ 2016-ի պատերազմից հետո, ուշագրավ է եւ դիտարկման արժանի: Նրա հայտարարությունից պարզ էր, որ Կազանում փաստացի տապալվել է արցախյան գոտի ռուս խաղաղապահների մուտքի ծրագիրը:
 
Պատահակա՞ն էր կազանյան պլանի տապալման ֆոնին սաֆարովյան խայտառակ եւ հակամարդկային գործարքի իրագործումը Ալիեւի, Պուտինի եւ նրանց եվրոպացի ընկեր Օրբանի շրջանակում: Եվ դա մի ժամանակաշրջանում, երբ փաստորեն Հայաստանի վրա սկսվում էր ուժեղ ճնշումը Եվրասոցացումից հրաժարվելու եւ ԵՏՄ մտնելու առնչությամբ, գործնականում նախապատրաստելով Հայաստանի եւ Արցախի դեմ պլանավորվող ագրեսիան:
 
Մինսկի խմբի մյուս համանախագահները փաստացի չեն խանգարել գործարքին: Չե՞ն կարողացել, թե՞ ակնկալում էին, որ այն կմոբիլիզացնի Հայաստանի քաղաքական դասին ու հանրությանը՝ ռազմավարական դաշնակցի գործուն աջակցությամբ հասունացող ագրեսիան եւ Հայաստանի ինքնիշխանության չեզոքացումը կանխելու համար: Ստացվեց հակառակը՝ հայաստանյան քաղաքական դասը փաստացի միաբանվեց այդ գործընթացը հանրայնորեն լեգիտիմացնելու համար, ակնկալելով այդպիսով իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին:
 
Սաֆարովի գործարքի տեղեկատվությունից հետո հրավիրած անվտանգության խորհրդի նիստի ավարտին Սերժ Սարգսյանը դիմեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ Գորիկ Գուրգենիչ, ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ տալու: Գորիկ Գուրգենիչը պաշտոնը թողեց 2016 թվականին, իսկ 2017-ի սեպտեմբերին հիվանդության հետեւանքով հեռացավ կյանքից: Ի՞նչ ճակատագիր ունեցավ նրան տրված հատուկ հանձնարարությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար