Չինաստանի վերջնագիրը. Ռուսաստանը հանձնվեց

29-05-2020 17:44:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Համաճարակը փոխելու է աշխարհը, համոզված են շատերը: Անկասկած, թագակիր ժահրն արդեն իսկ իր կամքն է թելադրում կենցաղից մինչեւ աշխարհքաղաքականություն: Միեւնույն ժամանակ, ժահրը արագացրել է նոր աշխարհակարգի գործընթացը, որն ընթանում է ԱՄՆ-Չինաստան գլոբալ դիմակայության պայմաններում: Չինաստանը Ռուսաստանին վերջնականապես դուրս մղեց այս գործընթացից, թեեւ դրա համար առանձնապես մեծ ջանքեր չէին պահանջվում ռուսական բարդույթավորված ու գողաբարո էլիտաների, հետամնաց տնտեսության եւ դեգրադացված հանրային քաղաքական միջավայրի պայմաններում: Ռուսաստանն արդեն ընդունակ չէ «չարիքի առանցքի» իր դարավոր դերին:
 


ԱՄՆ-ն գծել է սահմանը եւ մյուսներին առաջարկել դիրքավորվել: Ռուսական ինսայդերական եւ տեղյակ փորձագիտական շրջանակների տեղեկությամբ, Մոսկվան ինչ որ պահի փորձեց անցնել ԱՄՆ-ի կողմ, թե
րեւս պատժամիջոցները հանելու մտադրությամբ: Պետական պրոպագանդան նույնիսկ սկսեց քննադատել Չինաստանին ժահրը տարածելու համար: Սակայն Կրեմլում ի վերջո հաղթեց հակաարեւմտյան թեւը, բացի այդ, ըստ այդ շրջանակների տեղեկությունների՝ Չինաստանը վերջնագրային ձեւով Մոսկվային «առաջարկել» էր կողմնորոշվել: Եվ Մոսկվան կողմնորոշվել է, ավելին՝ ստանձնել է Չինաստանի խոսնակի ու փաստաբանի դերը: Չինաստանի ԱԳՆ-ն ներկայում այնքան չի պատասխանում ամերիկյան մեղադրանքներին, որքան Լավրովը:
 
Ռուսաստանի ընտրությունն իհարկե կասկած չէր հարուցում, նկատի առնելով թե վերոհիշյալ հանգամանքները, կապված ներքին իրավիճակի հետ, թե նաեւ այն, որ Ռուսաստանը լիովին կախված է Չինաստանից: Չինաստանի դե ֆակտո ազդեցության տակ են ռուսական
Հեռավոր Արեւելքն ու Սիբիրը, տեղական նահանգապետերն ասում են, որ առանց Չինաստանի այդ նահանգները պարզապես սովահար կլինեն: Դեպի Չինաստան նավթի ու գազի ռուսական մեգանախագծերի մեգակոռուպցիոն «իրականացման» արդյունքում Ռուսաստանը ահռելի պարտքեր է կուտակել Չինաստանին եւ ստիպված է գրեթե անվճար մատակարարել էներգակիրները:
 
Մոսկվայում հակաարեւմտյան հռետորաբանության ֆոնին տարիներ շարունակ խոսում են Չինաստանի հետ դաշինքի մասին, սակայն ռուս-չինական դաշինք չի կարող լինել քաղաքական ու պատմական բազմաթիվ հանգամանքներ նկատի առնելով: Չինաստանը կարիք էլ չունի Ռուսաստանի հետ դաշնակցության եւ «կիսվելու», թե իր ներկայիս հնարավորությունների, թե այդ պատմա-քաղաքական հանգամանքների ուժով: Ռուսաստանը ծառայում է որպես հումքային կցորդ եւ տարածքային ու ժողովրդագրական խնդիրների կարգավորման միջոց, ոչ ավելին, կարծում են այդ շրջանակները:
 
ԱՄՆ-ն վերջին 100 տարում երեք անգամ փրկել է Ռուսաստանը՝ 1920-30-ական թվականներին տնտեսություն կառուցելով, երկրորդ աշխարհամարտի տարիներին զենք, հագուստ եւ ուտելիք մատակարարելով, 1990-ականների սկզբին ռուսական պետության փլուզումը թույլ չտալով: Հնարավոր է հակաամերիկյան բարդույթները գալիս են հենց դրանից, որովհետեւ դրանք չեն տեղավորվում Ռուսաստանի վեհ ու հաղթող կերպարի հետ, որն ամենօրյա ռեժիմով կերտում է պետական պրոպագանդան:
 
Ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ նոր աշխարհակարգում: ԱՄՆ-ն այս անգա՞մ էլ կփրկի Ռուսաստանին, թե այդ դերը կվերապահի Չինաստանին, որը սակայն դժվար թե գնա նման մեծահոգության:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 604 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար