Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ հայտարարությունը

01-06-2020 18:34:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:
 


 
Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:
 
Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով,
որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:
 
Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների)  և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:
 
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք
է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.
 
Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է:
 
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար