Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները.ՀԺ

02-06-2020 13:31:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շենգավիթ վարչական շրջանը երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, որին մասնակցել էին բազմաթիվ փոքրիկներ եւ նրանց ծնողները, որեւէ առնչություն չունի։ Այն վարչական շրջանը չէ կազմակերպել։
 


Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ, նա եւս չի կազմակերպել։
 
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է հավաքված երեխաների բազմություն։ Նա նշել էր, որ տեսանյութն իրեն ուղարկել են եւ վստահեցրել, որ միջոցառումը տեղի ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
 
«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- գրել էր վարչապետը։
 
Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝
Բագրատունյաց 34 եւ 36 շենքերի բակում տեղի ունեցածը չի կազմակերպել ո՛չ որեւէ դպրոց, ո՛չ էլ մանկապարտեզ, ամենայն հավանականությամբ դա իրականացվել է բակի ծնողների նախաձեռնությամբ։
 
«Դպրոցներին ու մանկապարտեզներին զգուշացված է եղել, որ միջոցառումներ չեն լինելու, անգամ այգիներում աշխատակիցները սահմանել են հսկողություն»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ չեն գործել խաղերն ու ատրակցիոնները։
 
Այն հարցին, թե հսկողություն սահմանելու պարագայում՝ ինչպե՞ս են կարողացել այդքան մարդիկ մեկ վայրում հավաքվել, նշեց, որ շենքերը շատ են, բոլոր բակերում հսկողություն սահմանելը հնարավոր չէր։ Օրեր շարունակ հայտարավել է, որ միջոցառումներ տեղի չեն ունենալու, բակերում պարբերաբար մարդիկ իրազեկվել են, ԱԻՆ –ի աշխատակիցները մարդկանց հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել։
 
«Պետք է պատասխանատվության զգացում ունենային ծնողները, քանի որ իրենց նախաձեռնությամբ վտանգել են իրենց եւ երեխաների առոջությունը»,- նկատեց նա։
 
Ավելի ուշ թաղապետը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր գրառում կատարել, թե կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը
դրսեւորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, իբրեւ թե հանուն երեխաների։
 
«Սիրելի՛ շենգավիթցիներ, կրկին խստիվ հորդորում ենք՝ պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ հանուն մեր հարազատների առողջության։ Վստահ եղեք, որ համավարակը միասնական ջանքերով հաղթահարելուց հետո՝ վարչական շրջանի ղեկավարությունը պատշաճ կերպով տոնական միջոցառումներ կկազմակերպի նաեւ մեր երեխաների համար»,- գրել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար