Վարչապետի սենսացիոն գրառումը. ինչ է բացահայտելու ԱԱԾ-ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



02-06-2020 17:18:21   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է. ՌԴ նախագահ Պուտինը ծննդյան տարեդարձի առիթով զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել նրան և միաժամանակ մաղթել առողջություն ու ապաքինում կորոնավիրուսից: Ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը ծննդյան օրվա առավոտյան հանրությանը հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով, չունի սիմպտոմներ, սակայն առաջնագիծ այց էր ծրագրել և թեստ է արել ու պարզվել է, որ արդյունքը դրական է: Թեստավորվել է նաև վարչապետի ընտանիքը և դարձյալ դրական արդյունքով: Կորոնավիրուսն ընդհուպ մոտեցել է նաև Պուտինին, ընդ որում՝ առնվազն երկու անգամ: Մի անգամ վարակ հայտնաբերվեց մոսկովյան հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, որի հետ դրանից մեկ-երկու օր առաջ հաղորդակցվել էր այդ հիվանդանոց այցելած Պուտինը: Վարակ հայտնաբերվեց նաև նրա խոսնակ Պեսկովի մոտ, թեև այդ ընթացքում հնարավոր է խոսնակը այլևս չէր հաղորդակցվում Պուտինի հետ, քանի որ նա, ըստ տեղեկությունների, գտնվում էր խոր ինքնամեկուսացման մեջ:
Օրերս ռուսական համացանցով տարածվեց, որ Պուտինը, այսպես ասած, դուրս է եկել և վերադարձել Կրեմլ: Միաժամանակ, նա փորձում է վերադարձնել նաև կյանքը Ռուսաստանում, ինչի շրջանակում ամենահատկանշական որոշումը հունիսի 24-ին Հաղթանակի 75-ամյակի հետաձգված շքերթը անցկացնելու որոշումն է: Դա ակնհայտորեն անհրաժեշտ որոշում է, որ կայացրել է Պուտինը, այն պայմաններում, երբ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի ցուցանիշները, գոնե առայժմ, ամենևին մխիթարական չեն: Իհարկե, աճ չկա, սակայն կայուն արձանագրվում է օրական 8-9 հազար վարակակիր: Ավելին, Մոսկվայի քաղաքապետը շատ ավելի խիստ է մոտենում մայրաքաղաքում իրավիճակին, որտեղ լինելու է շքերթը: Ահա այս պայմաններում շքերթ անցկացնելու մասին որոշումը վկայում է, որ Պուտինին այն շատ է անհրաժեշտ ներքին, թե արտաքին կարիքների համար, այլ հարց է: Հավանաբար՝ երկուսը միասին:
Այդ համատեքստում էլ նա շքերթին մասնակցելու հրավեր է ուղարկել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում և Նիկոլ Փաշինյանին, որի հետ հեռախոսազրույցում քննարկվել է նաև այդ հարցը: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև հունիսի 24 կլինի առողջացած և կմասնակցի շքերթին: Կհասցնի՞ մինչ այդ ապաքինվել Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Այն, որ նա կստանա որակավորված բուժօգնություն, կասկած չկա, սակայն բանն այն է, որ կորոնավիրուսից ապաքինման կայուն ժամկետ, որպես այդպիսին, գոյություն չունի, և լոկ բուժօգնությունը բավարար չէ, կախված է նաև, թե այն ինչպես, այսպես ասած, կհամադրվի մարդու օրգանիզմի հետ: Այլ կերպ ասած, ինչպես օրգանիզմը կյուրացնի բուժօգնությունը: Այսպես թե այնպես, կորոնավիրուսով վարակված լինելու մասին վարչապետ Փաշինյանի տեղեկությունը հավելյալ ինտրիգ է մտցնում իրավիճակում, որն առանց այդ էլ բավականին ինտրիգային էր՝ կապված հայ-ռուսական փոխհարաբերության տրանսֆորմացիայի լայն գործընթացի և այդ համատեքստում նաև ներկայիս արդիական խնդրի՝ գազի գնի շուրջ անհամաձայնությունների հետ:
 


Լragir.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, կապված համացանցում հայտնված Երեխաների պաշտպանության օրվա առիթով տարբեր մի
ջոցառումների լուսանկարների կամ տեսանյութերի հետ: Դրանք տարածվել են մեկնաբանություններով, որ վարակի պայմաններում տեղի են ունենում երեխաների այդպիսի հավաքներ, առանց պաշտպանիչ քայլերի:
Վարչապետ Փաշինյանը գրել է, որ դա ծայրահեղ անպատասխանատու քայլ է եւ ԱԱԾ պետին հանձնարարել է զբաղվել միջոցառումների կազմակերպիչներով:
Հատկանշական է, որ վարչապետը խոսում է ԱԱԾ պետին տված հանձնարարության մասին, ոչ թե իրավապահ այլ կառույցի, օրինակ` ոստիկանության:
Արդյոք Նիկոլ Փաշինյանը կասկած ունի, որ երեխաների պաշտպանության օրվա առիթով միջոցառումներն ունեցել են «հատուկ կազմակերպական կենտրոններ» եւ առանձնահատուկ նպատակ: Հունիսի 2-ին առավոտյան հրապարակվել է հերթական օրական վիճակագրությունը, որը ռեկորդային է՝ 517 դեպք: Ցավալիորեն ամենաբարձրն է նաեւ մահվան ցուցանիշը՝ 20 մահ:
Իհարկե, դա հունիսի 1-ի միջոցառումների հետեւանք չէ, սակայն դրանց վերաբերյալ վարչապետի գրառումն ու ԱԱԾ մակարդակով հարցը ուսումնասիրելու հանձնարարությունը հուշում, կամ գոնե հարց է առաջացնում. կա՞ կասկած վարակի տարածման հետ կապված որեւէ «դիտավորության» առնչությամբ:
Համենայն դեպս, ԱԱԾ մակարդակը պետք է ենթադրի իսկապես լուրջ պատճառ կամ կասկած, այլապես տարօրինակ է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեխաների մասնակցությամբ միջոցառում կազմակերպողներին հայտնաբերելով: Այլապես կարող է ստացվել նաեւ տպավորություն, որ վարչապետը համարում է, թե չկա այդպիսի խնդրով զբաղվելու գործունակ այլ կառույց:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ:
Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչև օգտոստոսի 11-ը: ՀՀ վարչապետի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հատկապես ուշագրավ էր մշտապես հայտնի հրապարակումների ֆոնին, թե բարձրաստիճան որ պաշտոնյաների որդիներն են այս կամ այնկերպ խուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց:
Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի քննություն իրականացնել: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմանամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, և, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» և հայտարարվեց, որ այն ղեկավարում է նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը: Հայտարարվեց նաև, որ հանձնախմբի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է:
Մեզ հայտնի դարձավ, որ օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի
հարևանությամբ վարձակալած գրասենյակը, ըստ էության՝ հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: Կարելի է ենթադրել, որ հանձնախմբի հիմնադիրներն ու ֆինանսավորողները հասկացել են, որ իրենց առաջ անիրականանալի խնդիր են դրել և անիմաստ միջոցներ են ծախսում»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության հաղորդման ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաև առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ևս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով:
Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչինի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս և ինչ ձևով եք տալիս»:
Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք՝ թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքեց. «Դու կսկսես»:
Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար:
Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է Քրեական օրենսգրքի նոր տարբերակը: Նոր Քրեական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ 2003թ. ընդունված Քրեական օրենսգիրքը, ունենալով ակնհայտ առավելություններ ու դրական նշանակություն հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում, զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասն առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում:
Բացի այդ, ըստ նախագծի հեղինակների՝ անցած տարիների ընթացքում օրենսգրքում կատարվել են 100-ից ավելի փոփոխություններ, որոնք ոչ թե շտկել են վիճակը, այլ հակառակը` ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում շարունակում է անմխիթար վիճակ տիրել: Այս պահին «անտեր» են մնացել թվով 6 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանք բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ:
Այդ առումով ամենաանմխիթար իրավիճակում Երևանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել և շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաև գիտական խորհուրդ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն արդեն երկար ժամանակ է՝ շարունակում է մնալ Գեղամ Գևորգյանը, ընդ որում՝ մարտի 23-ին պետք է տեղի ունենար մայր բուհի նոր ռեկտորի ընտրություն, որն այդպես էլ չկայացավ՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ:
Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան):
Նույն իրավիճակն է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը: Ռեկտոր չունեցող մյուս երկու բուհերն են Պոլիտեխնիկական համալսարանն ու Տնտեսագիտական համալսարանը: Վերջինիս ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շուրջ աղմուկը չի դադարում»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ վերջնական հանգրվանի են եկել պաշտոնի նշանակման հարցում: Այսպիսով, վերջնականապես հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց՝ Բաբայանը նշանակվելու էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ մինչև Բաբայանին նշանակելը, Հարությունյանը նախատեսած է եղել այդ պաշտոնում նշանակել իր նախկին մրցակից Մասիս Մայիլյանին, որն, ի դեպ, նույն օրը նշանակվեց ԱԳ նախարար։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԽ քարտուղարի նշանակման մեջ առանցքային դերակատարում են ունեցել հայաստանյան իշխանությունները, որոնք ամեն ինչ արել են, որ հենց Բաբայանը նշանակվի։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր նշանակումների ցանկը և համաձայնեցրել նրա հետ։
Փաստացի ստացվում է այնպես, որ Բաբայանին տրված իր խոստումը Փաշինյանը կատարում է Հարությունյանի ձեռքով։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն ի դեմս Բաբայանի փորձում է արցախյան գեներալների շրջանում հակակշիռ ապահովել։
Իրականում Արցախում խոսում են, որ այս առումով լուրջ խնդիրներ կան, քանզի, ըստ էության, տարբեր տարիներ Բաբայանը շատերի հետ խնդիրներ է ունեցել, և դրանով է պայմանավորված, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ նաև զինվորականներ, նրա նկատմամբ, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեն, եթե չասենք ավելին։
Այս նշանակման վերաբերյալ Արցախում առկա մեկ այլ անհանգստություն վերաբերում է դեռևս նախընտրական շրջանում շրջանառված տեղեկություններին, թե Բաբայանը խնդիրներ ունի ՌԴ մեկնելու հետ կապված:
Այս հանգամանքը կարևորվում է հատկապես այն տեսակետից, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում սպասում են, որ հունիսի 13-ին, երբ Հայաստանում կավարտվի արտակարգ դրության ռեժիմի գործունեության ժամկետը, կվերաբացվի նաև Հայաստանի և Արցախի միջև լիակատար հաղորդակցությունը:
Շատ արցախցիներ համարում են, որ հաղորդակցության վերականգնումը կնպաստի սոցիալական ճգնաժամը մեղմելուն»:
 
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչև կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու:
«Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել:
Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետև Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որևէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաև, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:
Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեև խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն քանի անգամ անդրադարձել ենք Ադյուրետին կամ Դեսմոպրեսին դեղամիջոցներին, որոնք տրվում են, այսպես կոչված, անշաքար դիաբետով հիվանդներին: Վերջիններս այդ դեղամիջոցներն օգտագործում են ամբողջ կյանքում՝ ամեն օր:
Երեկ հերթական անգամ ահազանգ ենք ստացել հիվանդներից, որ պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցներում, որտեղ գրանցված են, դեղը չկա, չեն ստացել, իսկ դեղատներում գինը տատանվում է 7-ից 10 հազար դրամի սահմաններում մեկ սրվակի համար, որը բավարարում է 15-20 օր, առավելագույնը՝ մեկ ամիս:
Ի դեպ, նրանք նշում էին, որ անցած ամիս ևս խնդիր է եղել, և հազիվ մեկ սրվակ են ստացել: «Փաստը» դիմեց էնդոկրին դիսպանսեր: Այստեղ նշեցին, որ ուշացումը մի քանի օր է եղել, «դեղորայքն արդեն ստացել ենք, բազայում է, բաշխում է կատարվում»: Թե որքան կտևի բաշխումը, որը պետք է կատարվի նախարարության կողմից, հայտնի չէ»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1930 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար