Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ

01-07-2020 16:54:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ
 


Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,
 
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:
 
Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում:
 
Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է դատախազության աշխատանքից: Ընթացիկ շրջանն իսկապես
լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետև հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձևակերպեն որպես մեղադրանք և դրանք պաշտպանեն դատարանում:
 
Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված և ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը:
 
Առաջիկայում դատախազությունը կստանձնի ևս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, և օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից:
 
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,
 
Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ: Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձևակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն և ասելիքը
պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը:
 
Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, և բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչև վերջ գնալու կարողություն և վճռականություն:
 
Եվ, իհարկե, առողջություն, երջանկություն ու համբերություն բոլորիդ ընտանիքներին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար