ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

02-07-2020 14:53:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին:
 


Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ
և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին ևս ներառում է սույն նպատակները:
 
«Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀ-ով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
 
Արևելյան գործընկերության համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է:
 
«Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում,
կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի, տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»։ 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար