Դեսպան Համբարձումյանն իր հավատարմագրերը հանձնել է Իտալիայի Հանրապետության նախագահին

07-07-2020 17:51:45   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 6-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella):
 


Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին
պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
 
Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։
 
Դեսպան Համբարձումյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար