Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ. «Ժառանգություն»-ը պահանջում է նախագիծը հետ կանչել

07-07-2020 18:28:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում
 


շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների և պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև, զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս և ի՛նչ ծավալով: «Ժառանգություն» կուսակցությունը
մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման: ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»:
 
Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով և անկումներով, ուստի հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս և այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:
 
Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ
դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները: «Ժառանգությունը» համոզված է, որ  այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, և մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ և ռազմավարություն:
 
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 394 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար