Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

09-07-2020 10:24:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ուսումնասիրությունը մաս է կազմում «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը» հետազոտական նախագծի, որն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։
 


Հետազոտական նախագծի այս հատվածում ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն ու ելույթները Ղարաբաղյան խնդրի առնչությամբ:
 
Թեև ժամանակագրական առումով կոնֆլիկտի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի պատմությունը բաժանվում է ըստ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարության, համապատասխանաբար, 1991-1998, 1998-2008, 2008-2018 թվականների, սակայն հարցի լուծման առնչությամբ բովանդակային առումով երկու մոտեցում է եղել հայաստանյան պաշտոնական շրջանակներում, մասնավորապես՝ 1991-1998 թվականների՝ հարցի լուծման տեր-պետրոսյանական տարբերակը, որը հայտնի է իբրև հարցի լուծման փուլային
մոտեցում, և 1998-2018 թվականների քոչարյան-սարգսյանական մոտեցումը, որը ենթադրում էր կոնֆլիկտի փաթեթային լուծում:
 
Նախագծի այս հատվածում, ի դեպ, մանրամասն անդրադարձ է կատարվում Արցախյան հարցի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ դիսկուրսին, ինչպես նաև առանձին գլխով ներկայացվում է բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության խնդիրը։
 
Ինչպես նշում է ուսումնասիրության հեղինակը, Ղարաբաղյան հակամարտությունն ավելի շատ սակրալացված, քան տրամաբանված և իրատեսական ընկալում ունի, ինչը հիմք է հանդիսացել հիմնախնդիրը քաղաքական շահարկումների և մոլորությունների առիթ դարձնելու համար: Հակամարտության կարգավորման մինչ այժմ եղած տարբերակները հանրային ընդունելության չեն արժանացել:  Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը: Գնա՞լ կոնֆլիկտը իրապես լուծելու ճանապարհով և կանխել աղետը, թե՞ լուծման իմիտացիա անել և իշխանության հարց լուծել. քաղաքական այս հարցին ամեն իշխանություն պետք է պատասխան տա:
 
Նշենք, որ «Պետական գործիչների կողմից ներկայացվող հավաքական հիշողության բովանդակությունը»
հետազոտական նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Հայաստանում անկախությունից ի վեր Հայոց ցեղասպանության, Հայաստանում մարդու իրավունքների, խորհրդային անցյալի և ազգային ինքնագիտակցության ու ազգայնականության վերաբերյալ պաշտոնական դիսկուրսների զարգացումն ու նշված թեմատիկ ուղղություններով հավաքական հիշողության ձևավորման տրամաբանությունը։
 
«Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» ուսումնասիրությունը կարող եք կարդալ այս հղումով։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար