Ռոբերտ Քոչարյանի ուժեղ աջակցությունը Փաշինյանին. մի՞թե նա չի ճանաչել կարևորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



31-07-2020 14:17:50   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է. 
Այս իշխանության շահից է բխում, որպեսզի երկրում լինի ուժեղ ընդդիմություն, իր հարցազրույցում հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ այդ ընդդիմությունը իշխանությանն է պետք: Նա իրավացի է, ընդ որում ոչ միայն զուտ աքսիոմատիկ իմաստով, այլ նաեւ շատ կոնկրետ հայաստանյան խնդիրների եւ անվտանգային միջավայրում մարտահրավերների համատեքստում:
Հետհեղափոխական շրջանում, արդեն ավելի քան երկու տարի անց, հայաստանյան համակարգը, հասարակական-քաղաքական կյանքի լեգիտիմությունը խորքային առումով կառուցված է մեկ մարդու վրա, եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Եվ որքան նրա հանրային բարձր վստահելիությունը ուժեղ է դարձնում Հայաստանը, նույնքան էլ խորքային իմաստով առկա են խոցելիության առանցքային օջախներ՝ երբ Փաշինյանը միակն է եւ չունի հասարակական-քաղաքական այլընտրանք թե իշխանության ներսում, թե իշխանությունից դուրս:
Այդ խնդիրները հայաստանյան նոր իրավիճակի խորքային խնդիրներն են, որոնք կամա, թե ակամա շոշափում է Ռոբերտ Քոչարյանը, անկախ, թե հատկապես ինչ շարժառիթով, զուտ հռետորաբանության ձեւական մղումով, թե իսկապես՝ որպես երբեւէ պետությունը ղեկավարած մարդ զգալով խնդրի հրատապությունն ու կարեւորությունը: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով կարող է ունենալ նաեւ շատ անձնական նկատառումներ, չբարձրաձայնելով այդ մասին:
Ի վերջո, պարզ չէ, եթե օրինակ փլուզվում է այն, ինչ կառուցված է Փաշինյանի լեգիտիմության վրա, այդ փլուզումը Ռոբերտ Քոչարյանի համար դառնում է շա՞նս, թե՞ հակառակը՝ առաջացնում փլատակների տակ մնալու անկանխատեսելի վտանգ: Դրանք հարցեր են, որոնց առնչությամբ մեղմ ասած չկա միարժեք այս կամ այն պատասխանը եւ երկրորդ նախագահն իր փորձառությամբ թերեւս պատկերացնում է խնդիրները:
Մյուս կողմից առաջանում է բնականաբար հարց՝ իսկ ո՞րն է ուժեղ ընդդիմությունը: Բաց է նաեւ այդ հարցի պատասխանը, եւ այն չկա նաեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ: Քոչարյանը խոսում է փողոցային շարժումով փողոց փակելով իշխանություն վերցնելու կարողության մասին: Դա՞ է ուժեղ ընդդիմության վերաբերյալ նրա պատկերացումը: Եթե այո, ապա այդ պատկերացումը Հայաստանին ավելի շատ ուժեղ ցնցում ու վայրիվերում կարող է խոստանալ, քան ուժ:
Միեւնույն ժամանակ, այդ պատկերացումների բարձրաձայնման տողատակում կա մի նրբություն: Ներկայանալով կամ ներկայացնելով այդորակ հայտ, Ռոբերտ Քոչարյանը դառնում է Նիկոլ Փաշինյանի համար յուօրինակ «ուժեղ ընդդիմություն», այն իմաստով, որ նա իր գործունեությամբ ապահովում է համախմբում ոչ թե իր, այլ հենց վարչապետ Փաշինյանի շուրջ: Պետք է արձանագրել, որ դա էլ խոշոր հաշվով այս պահին կամա, թե ակամա ամրացնում է բավականին բարդ ներքին ու արտաքին մարահրավերներ ունեցող Փաշինյանին:
Այստեղ կա մեկ այլ հատկանշական պահ՝ երկրորդ նախագահի պատկերացումը, որ բնակչությունը տնտեսական ծանր վիճակից դժգոհ կդառնա բողոքի ահռելի ալիք: Երկրորդ նախագահ Քոչարյանն անցնող մոտ երկու տասնամյակի ընթացքում թերեւս այդպես էլ չի ճանաչել Հայաստանի հանրությանը, կամ գոնե ինքն իրեն հարց չի տվել, թե երկնիշ տնտեսական աճի մի քանի տարիների, իսկապես ռեալ նկատվող տնտեսական աշխուժության, փողի շրջանառության պայմաններում ինչու՞ մարդիկ տասնյակ հազարներով դուրս եկան փողոց 2008-ին: Որեւէ մեկը Ռոբերտ Քոչարյանին ըստ երեւույթին համոզել է, որ դա հոգեխանգարմունքի մոգական ազդեցությունն էր: Մինչդեռ, ամեն ինչ թերեւս շատ ավելի պարզ է՝ Հայաստանի հանրությունը իրավիճակը չի գնահատում լոկ սոցիալական չափանիշով կամ զգայական այլ ասպեկտներով: Չափազանց պատասխանատու պահերին Հայաստանի հանրությունը մտածում է շատ ավելի ծանրակշիռ պետական կատեգորիաներով, քան Հայաստանը տարիներ շարունակ կառավարած կամ քաղաքականության նշանակալի այս կամ այն դիրքում գտնված գործիչները:
 


1in.am-ը գրում է. 
Հուլիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությանդ դեսպանին, որի հետ քննարկել են թե՛ երկկողմ գործակցության, թե՛ ռազմա-քաղաքական ռեգիոնալ նշանակության հարցեր: Իրանի դեսպանի այցը Հայաստանի ՊՆ այն այցերի շարքում էր, որ տեղի ունեցան հուլիսյան տավուշյան մարտերից և հայկական ուժերի հաջող, հաղթական գործողություններից հետո:
Հայաստանի պաշտպանության նախարարի, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումներ ունեցան Հայաստանում ՌԴ դեսպանը, ԱՄՆ դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը: Այդ ամենն անշուշտ վկայում է այն մասշտաբի մասին, որ հասել է Հայաստանը ռազմա-քաղաքական իմաստով՝ տավուշյան գործողությունների էֆեկտի առումով: Իրանի դեսպանի այցը, սակայն, իր վրա է բևեռում ուշադրություն դրա մասին հաղորդագրության բավականին հետաքրքիր մի ձևակերպման շնորհիվ, որ մնացել է ուշադրությունից դուրս: Իրանի դեսպանի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարն ու դեսպանը անդրադարձել են ոչ միայն թուրք-ադրբեջանական զորավարժությանը՝ որպես ռեգիոնալ կայունության սպառնալիք, այլ նաև անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Խիստ ուշագրավ և ռազմա-քաղաքական նուրբ տողատակեր պարունակող ձևակերպում, եթե նկատի ունենանք և այն, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետությունը վերաբերում էր ոչ միայն ադրբեջանական զինանոցին, այլ դրանում իսրայելական արտադրանքին, ինչը էական հետաքրքրության առարկա կարող է լինել Իրանի համար:
Երևանն, անշուշտ, ամենևին պատահական չէ, որ տարածել է տեղեկությունը հաղորդագրության տեքստում: Բանն այն է, որ հարցն այստեղ լոկ ռեգիոնալ կայունության հարցում հայ-իրանական շահագրգռությունը չէ, ու նաև ընդհանուր համատեքստում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նկատմամբ Իրանի զգայունությունը, ինչի առումով հայկական կողմի տեղեկությունը կարող է նշանակալի գործոն լինել Իրանի համար: Ակնառու է, որ հայկական կողմի բաց տեքստը ուղղակի ազդակ է Իսրայելին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերությունն ու մահաբեր սպառազինության մատակարարումը Բաքու, և դա բխում է փոխադարձ շահերից:
Հակառակ պարագայում, Հայաստանն իր անվտանգության ապահովմանն ու բարձրացմանն ուղղված քայլերում, թերևս, պատասխանատու չէ Իսրայելի համար մտահոգիչ հանգամանքների համար, եթե Թել Ավիվն իր հերթին որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել հայկական անվտանգության ուղղությամբ, առավել ևս քաղաքացիական բնակչության: Հայկական կողմի ՊՆ-ից եկած ազդակը հատկանշական է ԱԳՆ մակարդակում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ իսրայելական հեղինակավոր «Ջերուսալեմ պոստին» տված հարցազրույցի ֆոնին, որտեղ նախարար Մնացականյանը ուղիղ տեքստով նշել էր, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի
Ադրբեջանին մահաբեր սպառազինության վաճառքը, քանի որ Բաքուն անվարան կերպով դրանով թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները:
 
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվեց շրջակա միջավայրի նախարար: Նշանակումն ինքնին անակնկալ համարել չի կարելի:
Սակայն ուշագրավ է, որ այս պարագայում գործ ունենք այն քիչ դեպքերից մեկի հետ, երբ նշանակումը, ըստ սոցցանցերում առկա տրամադրությունների, հիմնականում դրական է ընդունվել հանրության տարբեր շերտերի կողմից:
Ավելին, նույնիսկ թիմի ներսում առանձնապես խանդով չի ընդունվել այս որոշումը, թեպետ, ըստ մեր աղբյուրների, քիչ չեն եղել մարդիկ, որոնք առնվազն իրենք իրենց պատկերացրել են այդ պաշտոնում: Իշխանության կուլիսներում խոսում են, որ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետի ամենավստահելի կադրերից է:
Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, փաստացի Նիկոլ Փաշինյանն իր «ծանր հրետանի»-ներից մեկին ուղարկել է չափազանց պատասխանատու ոլորտ, ինչը պատահական չէ, քանզի այսօր բնապահպանական այնպիսի խնդիրներ են կուտակվել, որոնց լուծում տալու համար անհրաժեշտ է ոչ միայն աշխատող, մինչև վերջ գործին նվիրվող, այլև լիարժեք հավատարիմ անձնավորություն:
Հենց միայն Ամուլսարի հետ կապված վերջնական հստակեցումներ անելու և լուծումներ գտնելու հարցն ինքնին բավականին խնդրահարույց է:
Սրան գումարած՝ Սևանի խնդիրը, հանքարդյունաբերության հետ կապված հարցերը և այլն, որոնց առումով բնապահպաններն անընդհատ ահազանգեր են հնչեցնում:
Ոլորտի փորձագետները «Փաստի» հետ զրույցում հույս էին հայտնում, որ նոր նախարարը չի առաջնորդվի «մենք ճիշտ ենք, մյուսները՝ սխալ» սկզբունքով, կլսի մասնագետների կարծիքը, և հնարավոր կլինի համատեղ ջանքերով լուծում տալ կուտակված խնդիրներին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները հանդիպում են տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հետ, և նրանց տրամադրությունները շոշափում Քոչարյանի կողմից կուսակցություն ստեղծելու հնարավորության շուրջ:
Մեր տեղեկություններով՝ եթե նման կուսակցություն ստեղծելու որոշում կայացվի, ապա այն կարող է գլխավորել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ նրա որդիներից մեկը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության
պատգամավորների հետ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը բավական բուռն է անցել:
Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորի թեկնածուն, ըստ էության, «Իմ քայլի» պատգամավորների հարցերին չի տվել սպառիչ պատասխաններ: Ավելին՝ Մարտի 1-ի և այլ կարևոր հարցերի հետ կապված շատ ընդհանրական է խոսել և ոչ մի հարց չի մասնավորեցրել: Թեկնածուի հեռանալուց հետո էլ «Իմ քայլի» ներսում քննարկումը շարունակվել է:
Ըստ էության, թեկնածուի հետ կապված «Իմ քայլում» կա տեսակետների բաժանում. մի մասը կարծում է, որ այս թեկնածուն որևէ կերպ չի կարող լինել ՍԴ դատավոր, մյուս մասը, մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանի մտերիմ թևը, կարծում է, որ նա լավագույն թեկնածուն է, որովհետև հենց Բադասյանի առաջարկած կադրն է:
Մեր տեղեկություններով՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցի հետ կապված «Իմ քայլում» կոնսենսուս չի եղել, քանի որ թեկնածուն «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասի սրտով չէ»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի եւ Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները: Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց եւ մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել եւ նպատակահարմար չի համարել պատասխանել:
Նշենք, որ մինչեւ այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ»:
 
«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքննություն» է սկսել: Խմբակցության ղեկավար կազմը փորձում է առավելագույնս ինֆորմացիա հավաքել՝ պարզելու համար՝ պատգամավորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունեցել:
Իմքայլական պատգամավորը խմբակցության ղեկավար կազմին ի սկզբանե ասել է, որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը սակայն բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակցության «Իրատեսի» աղբյուրները վստահեցրին՝ Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե Սարգսյանը Սեւանում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել:
Ասել է թե՝ հավատացել է պատգամավորի խոսքին, եւ հիմա խմբակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկվել: Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում:
Հայկ Սարգսյանի մանդատը դնել-չդնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, դժվար է ասել, փաստ է, սակայն, որ նրա՝ հակակարանտինային վայելքների հավաստիությունը ճշտող իշխանությունները ոչ միայն երկրի, այլեւ սեփական թիմում տիրող իրավիճակին չեն տիրապետում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը կարող է հետ կանչել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ համարելով, որ նա տարբեր սոցիալական խմբերի և փոքրամասնությունների նկատմամբ իր ունեցած կողմնակալ վարքագծով չի համապատասխանում այդ պաշտոնին:
Քանի որ այդ տեղը Դոնթի բանաձևով պատկանում է ԲՀԿ-ին, ԲՀԿ խմբակցությունը որոշել է Զոհրաբյանին հետ կանչելու դեպքում հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Պետրոսյանի թեկնածությունը: Իսկ եթե Պետրոսյանի թեկնածությունն էլ ընդունելի չլինի «Իմ քայլի» համար, ԲՀԿ-ականները կարող են ընդհանրապես հրաժարվել բոլոր հանձնաժողովներում իրենց ունեցած պաշտոններից: Հրաժարականի դիմում կներկայացնի նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2418 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար