Ռուսաստանը Հայաստանի դեմ քա՞յլ է պատրաստում

06-08-2020 10:11:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե ԱԱԾ նորանշանակ պետը հատուկ թիրախավորել է կառույցի այն աշխատակիցներին, որոնք կարող են առնչություն ունենալ Ռուսաստանի հետ, որոնք ուսանել են Ռուսաստանում եւ կարող են պահպանած լինել կապեր: Ըստ տեղեկության, ակնկալելի էր ԱԱԾ նոր պետի «հակառուսականությունը»:

Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության համար որեւէ պատասխանատու պարտավոր է թե կառույցը, թե պետությունն ընդհանրապես ապահովագրել որեւէ երրորդ երկրի ազդեցության գործակալներից: Միաժամանակ պարզ է նաեւ, որ իրականությունը մշտապես ավելի բարդ է եւ բազմաշերտ, առավել եւս ինքնիշխանության խնդրի կուտակման մոտ երեք տասնամյակի իրականությունը՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ իրապես ազգային-պետական էլիտայի եւ պետականության բացակայության պայմաններում:
 


Հայաստանն այդ իմաստով պետք է անցնի իրապես բարդ ճանապարհ, որն ուղեկցվելու է խորքային մարտահրավերներով: Դրանցից մեկն էլ դրսեւորվում է հենց «հակառուսականության» խնդրի տարփողումով, որը տեղի է ունենում վերջին շաբաթներին եւ որի ակնառու նպատակը Հայաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողության եւ դիրքորոշման հրահրումն է: «Հակառուսականության» մասին լայնորեն տարածվող արձանագրումները, որ ոչ միայն մեդիա, այլ նաեւ քաղաքական շատ կոնկրետ
շրջանակներից են, գործնականում ստեղծում են Հայաստանի դեմ Ռուսաստանի որեւէ հնարավոր քայլի արդարացում, ալիբի:
 
Պլանավորե՞լ է Ռուսաստանը Հայաստանի դեմ որեւէ քայլ, թե ոչ, դա այլ հարց է: Այդ իմաստով իրադրությունը ունի մի շարք նրբություններ: Հնարավոր է, որ Հայաստանում «հակառուսականության» մասին ազդագրերը ունեն շատ ավելի նեղ նպատակ՝ համոզել Մոսկվային եւ ստանալ աջակցություն Հայաստանում իշխանափոխություն անելու հարցում: Իհարկե այդ իմաստով հարցեր են առաջանում, թե արդյոք որեւէ մեկի մոտ այդ իմաստով կա պատրանք 2012-15 թվականների պատմությունից հետո, երբ այն ժամանակ դեռեւս ավելի ուժեղ Ռուսաստանը ի վերջո հայտարարեց, որ այդպիսի ակնկալիք ունեցողները զբաղված են կլոունադայով:
 
Ներկայում Ռուսաստանի խնդիրները փոխվել են այնպիսի տրամաբանությամբ, աշխարհակարգային վերափոխումների համատեքստում, որ Ռուսաստանում ընդհուպ կարող է դիտարկվել նաեւ այն, որ հակառուսականությամբ Հայաստանում զբաղված են իրականում այն շրջանակները, որոնք Մոսկվային փորձում են համոզել Հայաստանում «հակառուսական քաղաքականության» առկայության հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար