Հայաստանը սրել է ռուս-թուրքական առերեսումը. Տավուշից Սեւր

10-08-2020 15:00:50   | Հայաստան  |  Վերլուծություն
«Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը», պայմանագրի 100-ամյակի առիթով Երեւանում տեղի ունեցող գիտաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն եզրափակելով հենց այդ տողերով:
 


Հիշել, գիտակցել, պահպանել խորհուրդը: Իսկ պահանջե՞լ: Պահանջել իհարկե ոչ այդ բառի կամ հասկացության պարզունակ կամ դարձյալ խորհրդանշական
իմաստով: Հարցը վերաբերում է իրավական համատեքստին, այսինքն Սեւրի դաշնագրով հայության իրավունքներին: Գիտակցելը ընդգրկու՞մ է հայկական իրավունքի ուժի, ըստ այդմ այդ ուժը Հայաստանի պետական քաղաքականության օրակարգ եւ զինանոց ներառելու հանգամանքը:
 
Հատկապես այն պարագայում, երբ Թուրքիան եւ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը իրենց հերթին շարունակում են հիշել, գիտակցել Սեւրը «պատռելու փորձ» ռուս-թուրքական պայմանագրերը, հավատարմություն են հայտնում դրանց, այդ հիմքով կառուցելով ռեգիոնալ քաղաքականությունը՝
առաջին հերթին հայերի եւ Հայաստանի հանդեպ:
 
Սեւրում ամրագրված հայկական իրավունքի ուժի եւ, չնայած պայմանագրերի ամբողջական վավերականության բացակայությանը՝ դե ֆակտո դրա գործողության ռեժիմի մասին սիրիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
 
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը բաժանե՞լ են աշխատանքը, վարչապետի՝ գործադիր իշխանության եւ պետության դե ֆակտո առաջին դեմքի մակարդակով Հայաստանը ներկայում ձեռնպա՞հ է մնում Սեւրի իրավունքի ուժից խոսելու մասին եւ դա անում է նախագահի մակարդակով, թե՞ այդուհանդերձ պաշտոնական քաղաքականությունը Սեւրը դիտարկում է որպես հիշելու, գիտակցելու եւ խորհուրդը չմոռանալու փաստ, սակայն չի պատկերացնում այն որպես իրավա-քաղաքական ուժ կիրառելու հեռանկարը, հաջորդ քայլը, եթե միջազգային քաղաքականության օրակարգում այն չի ստանում ուժեղ գործընկերություն:
 
Թե՞ Երեւանը սպասում է ռուս-թուրքական պայմանագրերի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, երբ կլրանա դրանց 100-րդ տարելիցը՝ 1921 թվականին, փորձելով առայժմ զերծ մնալ Մոսկվայի հանդեպ բարոյա-քաղաքական ճնշումից եւ Սեւրը դիտարկել առայժմ խորհրդանշական հիշատակման համատեքստում:
 
Այդ իմաստով, Երեւանը Սեւրի իրավունքի 100-ամյակին ընդառաջ կատարեց «Տավուշի իրավունքի» առավել գործնական ու առարկայական քայլը, իրացնելով այդ իրավունքը եւ գործնականում տեղծելով ռեգիոնալ նոր ռազմա-քաղաքական իրավիճակ: Այն սրել է Թուրքիայի եւ Ռուսաստանի առերեսումը, եւ Սեւրի խորհրդանշական հիշատակումն այստեղ ստացվում է ստեղծված իրավիճակի առայժմ չափավոր համեմունքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Լragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 894 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար