Արցախում «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն կը կառուցի երկու համայնքային կենտրոն Աւելի քան 315.000 ԱՄՆ դոլար է հաւաքագրուել դրամահաւաք-ճաշկերոյթի արդիւնքում

27-06-2012 10:44:02   |   |  Բարեգործութիւն
Երեւան, 27 յունիսի, 2012թ.: Յունիսի 24-ին անցկացուեց Տորոնտոյի տեղական մարմնի ամենամեայ դրամահաւաք-ճաշկերոյթը, որն այս տարի նուիրուած էր «Հայաստան» հիմնադրամի 20-ամեայ յոբելեանին: Երեկոյի բանախօսն էր Վահէ Ճազմադարեանը, ով այս 20 տարիների ընթացքում հանդէս է եկել որպէս կառոյցի վերստուգիչ յանձնաժողովի նախագահ: Միջոցառման հանդիսավար Թենի Նիկողոսեանը հիւրերին տեղեկացրեց, որ հաւաքագրուած գումարներով երկու համայնքային կենտրոն կը կառուցուի Արցախում: Կանադայում Հայաստանի դեսպան Արմէն Եգանեանն իր ելոյթում բարձր գնահատեց Հիմնադրամի դերը Հայաստանի ու Արցախի կայացման գործում, մասնաւորապէս անդրադառնալով նաեւ Տորոնտոյի տեղական մարմնի ձեռնարկներին: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը ներկայացրեց վերջին 12 ամիսների ընթացքում կանադահայերի նուիրատուութիւններով իրականացուած ծրագրերը. Շուշիի կրթամշակութային կենտրոնի, Երեւանի սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հիւանդանոցի նեֆրոլոգիայի եւ դիալիզի բաժանմունքի եւ Նորքի ծերանոցի հիմնանորոգում, ինչպէս նաեւ 400 արցախցի աշակերտներին դպրոցական համազգեստների, իսկ Շօշ գիւղի դպրոցին միկրոաւտոբուսի տրամադրում: Վահէ Ճազմադարեանը, ով երեկոյթին մասնակցելու նպատակով ժամանել էր Ֆրանսիայից, վերստուգիչ յանձնաժողովի անունից վստահեցրեց ներկաներին, որ շնորհիւ տարեկան ֆիզիկական եւ ֆինանսական աուդիտների` Հիմնադրամը վայելում է թափանցիկ գործելաոճ ունեցող կազմակերպութեան համբաւ: Նա խօսեց նաեւ 20 տարիների ընթացքում Հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին: Միջոցառման աւարտին նուիրաբերուեց 135.000 ԱՄՆ դոլար, որին գումարուեց նաեւ մէկ նպատակային նուիրատուութիւն` 180.000 ԱՄՆ դոլարի չափով: Երեկոյթի արդիւնքում հաւաքագրուած 315.000 ԱՄՆ դոլարով Տորոնտոյի տեղական մարմինը երկու համայնքային կենտրոն կը կառուցի Արցախում, մէկը Դրախտիկում, միւսը` մէկ այլ սահմանամերձ գիւղում: Կենտրոնները կ'ունենան բուժկէտ, յղի կանանց սպասարկման սենեակ, համակարգչային սենեակ, գրադարան, դահլիճ եւ գիւղապետի գրասենյակ:
 


  -   Բարեգործութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին