Ինչո՞ւ միջազգային փորձագէտները չմասնակցեցին Արթուր Սարգսեանի դիԡկի նկատմամբ նշանակուած դատաբժշկական փորձաքննութեանը

22-03-2017 12:28:12   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
Փաստաբանը հաւաստել էր, որ մարտի 18-ին փորձագէտը կը լինի Երեւանում. ՀԿԳ քննիչ
 
«հաց բերողէ Արթուր Սարգսեանի դիակի դատաբժշկական փորձաքննութեան կատարման մասին Aysor.am-ի հարցերին է պատասխանում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննութեան գլխաւոր վարչութեան աւագ քննիչ Գեւորգ Աղաբաբեանը:
 
- Ի վերջո͵ ինչո՞ւ  միջազգային փորձագէտները չմասնակցեցին Արթուր Սարգսեանի դիակի նկատմամբ նշանակուած դատաբժշկական փորձաքննութեանը, թէեւ յայտարարուեց, որ միջնորդութիւնը բաւարարուել է:
 
- ՀՀ քննչական կոմիտէի ՀԿԳ քննութեան վարչութիւնում մարտի 17-ին յարուցուել է քրէական գործ` Արթուր Սարգսեանի մահուան դէպքի առթիւ, եւ նախատեսւում էր նոյն օրը կատարել նշանակուած դատաբժշկական փորձաքննութիւնը: Սակայն տուժողի իրաւայաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորեանը միջնորդութիւն ներկայացրեց` դատաբժշկական փորձաքննութեան կատարումը յետաձգելու համար, որպէսզի Արթուր Սարգսեանի դիակի դատաբժշկական փորձաքննութեան կատարմանը միջազգային փորձագէտների ներգրաւուեն:
 
Միջնորդութիւնն ըստ էութեան քննարկելու նպատակով վարոյթն իրականացնող մարմինը գրութիւն է ուղարկել ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննութիւնների գիտագործնական կենտրոն` պարզելու, թէ որքան ժամանակ է հնարաւոր Արթուր Սարգսեանի դին պահել դիահերձարանում` բացառելով դատաբժշկական հետազօտութիւնների համար անհրաժեշտ որեւէ նմուշի կորուստը: Ստացուած պատասխանի համաձայն` Արթուր Սարգսեանի դիակի դատաբժշկական փորձաքննութիւնը նպատակայարմար է կատարել մահուանից յետոյ մօտ 12-48 ժամուայ ընթացքում, քանի որ աւելի ուշ կատարելու դէպքում դիակների մօտ տեղի են ունենում դիակային վաղ եւ ուշ փոփոխութիւններ, որոնց արդիւնքում հնարաւոր է կազմաբանական եւ ձեւաբանական փոփոխութիւններ յստակ պատկերի ձեւախախտումներ:
 
Ասեմ͵ որ միջազգային փորձագէտներ ներգաւելու վերաբերեալ միջնորդութիւնն ի սկզբանէ բաւարարուել է եւ փաստաբան Տիգրան Եգորեանին պարզաբանուել, որ դատաբժշկական փորձաքննութիւնը նպատակայարմար է կատարել մահուանից  մօտ 12-48 ժամուայ ընթացքում, ուստի անհրաժեշտ է նշուած ժամկէտում ապահովել իրենց կողմից մատնանշուած փորձագէտների մասնակցութիւնը դատաբժշկական փորձաքննութեանը: Ստացանք հաւաստում, որ արդէն ունեն նախնական  քննարկումներ փորձագէտների հետ: Մարտի 17-ի երեկոյեան վարոյթն իրականացնող մարմնին փաստաբանը յայտնեց͵ որ ստացել են Վրաստանից հրաւիրուած դատաբժիշկ-փորձագէտի համաձայնութիւնը եւ նա  մարտի 18-ին մինչեւ ժամը 13-ը կը լինի Հայաստանում:
 
Սակայն մարտի 18-ին արդէն փաստաբանն ասաց, որ խնդիրներ են առաջացել փորձագէտների ժամանելու հետ կապուած, իսկ աւելի ուշ յայտնի դարձաւ, որ չեն  ժամանելու: Միջնորդութիւն ներկայացուեց, որ Արթուր Սարգսեանի դիակի դատաբժշկական փորձաքննութիւնը կատարուի նրա եղբօր` տուժողի իրաւայաջորդ Արսեն Սարգսեանի եւ վերջինիս ներկայացուցիչների ներկայութեամբ` տեսաձայնագրառմամբ:
 
Նշուած միջնորդութիւնը նոյնպէս բաւարարուել է, տուժողի իրաւայաջորդի ներկայացուցչին է յանձնուել յանձնաժողովային դատաբժշկական փորձաքննութիւն կատարելու մասին որոշումը, իսկ տուժողի իրաւայաջորդ Արսեն Սարգսեանը ներկայանալով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ` հրաժարուել է մասնակցել դիակի դատաբժշկակկան փորձաքննութեանը:
 
Նշուած փորձաքննութեանը  տուժող կողմից մասնակցել է միայն տուժողի իրաւայաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորեանը, Արթուր Սարգսեանի դիահերձման գործողութիւնը տեսաձայնագրառուել է:
 
- Բայց փաստաբանը յայտարարում է, որ միջազգային փորձագէտներին նախաքննական մարմինը պէտք է հրաւիրէր, ինչը չի արուել:
 
- Անկեղծ ասած, նման միջնորդութեան կամ պայմանաւորուածութեան մասին առաջին անգամ իմացայ մամուլից` մարտի 20-ին: Դա բացարձակ ապատեղեկատուութիւն է: Մարտի 17-ին միջնորդութիւն ենք ստացել  փորձաքննութեանը ներգրաւել կոնկրէտ փորձագէտների եւ ոչ թե͵ որ նախաքննական մարմինն իր նախաձեռնութեամբ հրաւիրի միջազգային փորձագէտներ: Փաստաբանը միջնորդել էր  ներգրաւել միջազգային փորձագէտների` նշելով նաեւ կոնկրէտ անձանց տուեալները:  Մասնաւորապէս` Ջորջ Ալեմպիեւիչին (Բելգրադի Համալսարան բժշկական ֆակուլտետի դատաբժշկական բժշկութեան ինստիտուտի դատաբժշկական բժշկութեան պրոֆէսոր),  Օնդեր Օզկալիպցիին դատաբժիշկ, պրոֆէսոր Սեբնեմ Քորուր Ֆինկանցի դատաբժիշկ փորձագէտ, Ռուսադան Բերիաշուիլի բժշկական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր դատաբժիշկ փորձագէտ (Թբիլիսի պետական բժշկական համալսարան): Եւ երաշխաւորել ենք͵ որ սահմանուած կարգով նշուած անձինք Հայաստան ժամանելու դէպքում կը ներգրաւուեն փորձաքննութիւնների կատարմանը:
 
Առնուազն տարօրինակ է͵ որ դիահերձումից յետո͵ ժամկէտանց  յայտարարութիւն է հնչում͵ թէ նախաքննական մարմինը պէտք է հրաւիրէր փորձագէտներ͵ երբ ի սկզբանէ խնդիրը դրուել էր͵ որ հէնց տուժող կողմի հրաւիրած մասնագէտները մասնակցեն փորձաքննութեանը: Մարտի 17-18-ին ոչ միայն նման միջնորդութիւն չենք ստացել͵ այլ անգամ մամուլում նման յայտարարութիւն չի եղել: Աւելին` նոյն մամուլում եւս մարտի 18-ին տեղեկութիւն կար͵ որ փորձագէտ հրաւիրելու հարցը լուծուել է եւ Վրաստանից փորձագէտ է ժամանելու, թէ ինչու չժամանեց` այդ հարցն արդէն այլ անձի պէտք է ուղղէք: Տուժող կողմի առաջարկած միջազգային փորձագէտներին ներգրաւելու միջնորդութիւնը բաւարարուել է եւ տուժողի հրաւիրած փորձագէտների` Հայաստան չգալու համար սլաքները վարոյթն իրականացնող մարմնին ուղղելն արդէն իրաւական հարթութիւնում չէ͵ իսկ հասարակական կարծիքն ապակողմնորոշելու համար հնչեցուող յայտարարութիւնները մեկնաբանելը ճիշտ չեմ համարում:
 
 


  -   Հարցազրոյցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 876 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին