Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին եւ մարզային իշխանութիւնների ներկայացուցիչներին

06-07-2020 16:53:17   |   |  Մամլո հաղորդագրություն
 


Յու
լիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզային իշխանութիւնների ներկայացուցիչներին՝ գլխաւորութեամբ մարզպետ Գնել Սանոսեանի եւ ուղեկցութեամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղեանի:
Հանդիպմանը Հայր Պարթեւը, Նորին Սրբութեանը ներկայացնելով հիւրերին, իր երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդէպ ցուցաբերուած հայրական հոգատարութեան եւ համաւարակի հետեւանքները մեղմելու նպատակով Մայր Աթոռի կողմից մարզի սոցիալապէս անապահով խաւի շուրջ 600 ընտանիքների պարէնային օգնութիւն տրամադրելու համար։ Հայր Սուրբը հաստատեց նաեւ, որ մարզային ու թեմական բոլոր կառոյցների միջեւ առկայ է արդիւնաւէտ գործակցութիւն ի խնդիր մարզի զարգացման եւ բնակչութեան բարօրութեան։
Այնուհետեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսեանն իր շնորհակալութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար։ Մարզպետն ուրախութեամբ արձանագրեց, որ մարզի ու թեմի միջեւ առկայ է սերտ փոխգործակցութիւն՝ կարեւորելով թեմի հոգեւորականների՝ մարզի բնակչութեան հոգեւոր կեանքի ամրապնդմանն ուղղուած գործունէութիւնը։ Պրն․ Սանոսեանը կարեւոր նկատեց նաեւ Հայոց Եկեղեցու դերակատարութիւնը պետականաշինութեան գործում։ Գեղարքունիքի մարզպետը նաեւ Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեց մարզում իրականացուող տնտեսական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի վերաբերեալ։
Հայրապետական իր օրհնութիւնը փոխանցելով հիւրերին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութիւն յայտնեց թեմի ու մարզպետարանի միջեւ հաստատուած գործակցային յարաբերութիւնների համար, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, պիտի նպաստեն մարզի ազգաբնակչութեան բարօրութեանը։ Նորին Սրբութիւնը հաւաստիացրեց, որ Մայր Աթոռը շարունակելու է իր աջակցութիւնը ցուցաբերել մարզում առկայ սոցիալական դժուարութիւնների եւ համաւարակի յաղթահարման համար։ 
Հայոց Հովուապետը գնահատանքով անդրադարձաւ մարզային իշխանութիւնների կողմից թեմի եկեղեցիների,
վանական համալիրների ու պատմամշակութային վայրերի պահպանմանը, վերանորոգմանն ու բարեկարգմանը դարձուող ուշադրութեանը։ Այս իմաստով Հայոց Հայրապետը փաստեց, որ հոգեւոր կեանքի ամրութիւնը նպաստում է ժողովրդի բարօրութեանն ու առաջընթացի կերտմանը։
Վերջում Նորին Սրբութիւնը մարզի պատասխանատուներին մաղթեց Աստծոյ օրհնութիւնն ու օգնականութիւնն իրենց առաքելութեան իրականացման գործում՝ ի նպաստ մարզի շէնացման, բարգաւաճման ու հզօրացման։ 

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 69 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին